ՌԴ ԱԳՆ. Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են և դա հանրահայտ փաստ է
Ռուսաստանը Հայաստանի հետ ռազմական գործակցությունը իրականացնում է ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունների պահպանմամբ: Այս մասին «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ինչպես հաղորդվում է, Զախարովան այդ մասին հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ բողոքի նոտային առ այն, որ Ռուսաստանը հայկական կողմին $200 մլն-ի չափով ռազմական տեխնիկա և սպառազինություն է վաճառել:
«Մենք արդեն դիվանագիտական խողովակներով համապատասխան տեղեկատվությունը փոխանցել ենք Ադրբեջանին, Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է դաշնակցային հարաբերություններով, որը ներառում է նաև ռազմա-տեխնիկական համագործակցություն: Կարծում եմ, սա համընդհանուր հայտնի փաստ է, ավելին, մենք այդ համագործակցությունը իրականացնում ենք բացահայտ, առանց թաքցնելու: Թե Հայաստանին, թե բարեկամ Ադրբեջանին ցանկացած զենք-զինամթերքի առաքում կատարվում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը հաշվի առնելով»,- նշել է Մարիա Զախարովան:
Փետրվարի 18-ին ռուսական կողմը հրապարակեց Հայաստանին 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկի հատկացման մասին պայմանագիրը: Փաստաթղթի հավելվածից պարզ է դառնում, որ Հայաստանը Ռուսաստանից կգնի «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի սարքավորումներ և ռազմամթերք, Игла-С զենիթային հրթիռային համակարգ և հրթիռներ, Автобаза-М ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր, ТОС-1А ծանր կրականետ համակարգեր` ТЗМ-Т տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, 9М113М հրթիռներ, РПГ-26 ականանետեր, B-429Е պայթուցիկներ, դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, Тигр զրահամեքենաներ, ինժեներական և կապի միջոցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները