Ներկայացվեց Ներառական մասնագիտական կրթության և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մոդելը
«Հաշմանդամ ունեցող ընտանիքներում ավելի բարձր է աղքատության մակարդակը»,- այսօր Երևանում մեկնարկած Ներառական մասնագիտական կրթության և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածութան խնդիրներին նվիրված համաժողովի ժամանակ հայտարարեց «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Ստեփանյանը:
Կազմակերպությունն արդեն չորս տարի է, ինչ մեր երկրում իրականացնում է LIFE ծրագիրը, որի հիմնական նպատակը հատուկ կարիքներ ունեցող անձանց աշխատանքով ապահովելն է: Համաժողովի շրջանակներում ներկայացվեց Ներառական մասնագիտական կրթության և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մոդելը:
«LIFE» ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան ներկայացնելով ծրագրի մանրամասները, նշեց, որ ծրագրի մոդելի առանձնահատկությունը հետևյալն է՝ ոչ թե բավարարել անհատների կարիքները, այլ՝ ապահովել նրանց իրավունքները, իսկ իրենք զբաղվածություն և եկամուտ ունենալով կկարողանան հոգալ իրենց կարիքները:
«Սկսած 2012թ-ից՝ այս մոդելը փորձարկվել է Հայաստանում և իրականացվել է «Սեյվ դը չիլդրեն»-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից: Մեր գործունեության ընթացքում պարզվեց, որ մոդելը Հայաստանում կարող է հաջողությամբ կիրառվել: 500-ից ավելի մարդ արդեն իսկ աշխատանքի է տեղավորվել, բայց սա ընդամենը թիվ է: Կարևորը այն գործընթացն է, որը սկսվել է մեր երկրում»,- ասաց Ջինա Սարգիզովան:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ նշեց, որ «Լայֆ» ծրագիրը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում, մասնավորապես, առարկայական ծրագրերի իրականացման առումով: Արդյունքում, ըստ նախարարի, շուրջ 600 անձի զբաղվածության հարցը լուծվել է:
Նրա խոսքերով՝ կառավարությունը նույնպես մեծապես կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովումը:
«Առաջին հերթին մենք պետք է ապահովենք հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հասարակություն, իսկ դրա ամենակարճ ճանապարհը զբաղվածությունն է»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
Նախարարը հիշեցրեց, որ «Զբաղվածության մասին» օրենքում կատարված փոփոխություններով այժմ արդեն գործում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմը: Համաձայն այս դրույթի՝ պետական և ոչ պետական կազմակերպությունները պարտադիր պետք է ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի նորմատիվի պահանջը: Խոսքն այն կազմակերպություններին է վերաբերում, որոնք նախորդող տարում ունեցել են 100 և ավելի աշխատողներ: Պետական կազմակերպությունների համար քվոտան 3 տոկոս է, ոչ պետական կազմակերպությունների համար՝ 1 տոկոս:
Կազմակերպությունը կամ պետք է ապահովի սահմանված չափով աշխատատեղ հաշմանդամություն ունեցող անձանց համար, կամ մասնահանում կատարի յուրաքանչյուր չկատարած քվոտայի դիմաց 300 հազար դրամի չափով: Հակառակ պարագայում կազմակերպությունը վճարելու է վարչական տուգանքներ:
Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ այս տարվա փետրվարի 25-ից նախարարության կայքէջում տեղադրված են բոլոր այն պետական կազմակերպությունների անվանումները, որոնք պետք է ապահովեն քվոտայի պայմանները: Այս տարի ուշադրության առանցքում պետական, իսկ 2017թ-ից արդեն ոչ պետական կազմակերպություններն են լինելու:
«Նախարարությունն արդեն իսկ այդ քվոտայի պահանջը կատարել է և շարունակելու է կատարել: Այսօրվա դրությամբ նախարարությունում աշխատում է 13 հաշմանդամություն ունեցող անձ»,- ասաց Արտեմ Ասատրյանը՝ հավելելով, որ Զբաղվածություն գործակալությունում հաշվառված աշխատանք փնտրողների մեջ այս պահի դրությամբ հաշվառված է 2500 հաշմանդամ:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդն էլ նշեց, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված մոտ 200 հազար հաշմանդամություն ունեցող անձ շարունակում է դիմակայել խտրական վերաբերմունքին, սահմանափակ ծառայություններին, չնայած երկրում իրականացվում են բարեփոխումներ. «Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ հասարակության մեջ իրենց լիովին ներառելու համար: Ես ուրախ եմ, որ Լայֆ ծրագիրը իր մեկնարկից ի վեր հաջողությամբ մշակել և օգտագործել է մի մոդել, որն ուղղված է հաղթահարելու հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կրթության և աշխատանքի ապահովման դժվարությունները»:
Նրա խոսքերով՝ այսօր ծրագիրը ներկայացնում է այն մոդելը, որը հիմնված է միջազգային փորձի վրա. «Անչափ կարևոր է, որ մոդելը կիրառվի և իրականացվի Հայաստանի կառավարության և համապատասխան կազմակերպությունների կողմից՝ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ու սոցիալական ներառումը խթանելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները