Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը 350 տարեկան է
Այս տարի լրանում է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը: Առաջին Աստվածաշունչը հրատարակվել է Ոսկան արք. Երևանցու ջանքերով 1666 թ. Ամստերդամում: armchurch.info կայքի հաղորդմամբ, տպագրությունը սկսվել է 1666 թ. մարտի 11-ին և ավարտվել 1668 թ. հոկտեմբերի 13-ին:
Ոսկանյան Աստվածաշունչը բաղկացած է 1462 երկսյուն էջերից (2924 սյունակ) և 159 պատկերներից: Տպաքանակը` 5000 օրինակ:
Ոսկանյան Աստվածաշնչի հիմքում օգտագործվել է 1295 թ. Կիլիկիայի Հեթում Բ թագավորի պատվերով ընդօրինակված Աստվածաշունչը: Այս բնագիրը Ոսկան Երևանցին խմբագրել է ըստ Աստվածաշնչի լատիներեն թարգմանության` Վուլգաթայի: Նա տպագրության ընթացքում թարգմանել և ավելացրել է նաև Հին Կտակարանի մի քանի գրքեր, որոնք բացակայում են Աստվածաշնչի հայկական կանոնում:
Ոսկան Երևանցին հրատարակված Աստվածաշնչի մի շքեղ օրինակ է պատվիրել հոլանդացի նշանավոր արվեստագետ-կազմարար Ալբերտ Մագնուսին` Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդին նվիրելու համար: Այն այժմ պահվում է Փարիզի ազգային գրադարանում:
Ոսկանյան Աստվածաշունչը համարվում է հայ հին տպագրության լավագույն նմուշներից մեկը։