ԵԽԽՎ նախագահ Ագրամունտն առաջին պաշտոնական այցը կատարում է իր սիրելի Ադրբեջան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը փետրվարի 29-ից մարտի 1-ը պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում։ Ագրամունտը, ինչպես ասվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում, հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Միլի մեջլիսի խոսնակի և արտաքին գործերի նախարարի հետ։
Նախատեսված են նաև հանդիպումներ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամների, դիվանագետների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։
Ընդգծենք, որ սա ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Պեդրո Ագրամունտի առաջին օտարերկրյա այցն է։ Հարց է առաջանում, ինչո՞ւ Ագրամունտը 47 երկրներից առաջինն ընտրեց Ադրբեջանը։ Արդյո՞ք սա Ադրբեջանի համազեկուցող եղած ժամանակներից քաղցր հիշողությունները վերապրելու ցանկություն է, թե՞ պայմանավորված է ԵԽԽՎ-ում Ռոբերտ Ուոլտերի ձախողված զեկույցից հետո Ադրբեջանի իշխանությունների առաջ արդարանալու հետ։ Երևի թե՝ երկուսն էլ։
Այցի ընթացքում, չի բացառվում նաև, որ Ագրամունտը Ադրբեջանի իշխանությունների հետ կքննարկի, թե ինչպիսի դավեր կարելի է պատրաստել ԵԽԽՎ-ում Հայաստանի դեմ՝ Ուոլտերի զեկույցի տապալումից հետո։
Այդուհանդերձ, նույնիսկ նման դրդապատճառների առկայության պայմաններում, դժվար է տարօրինակ չհամարել ԵԽԽՎ նախագահի ընտրությունը՝ առաջինն այցելել Ադրբեջան։ Երկիր, որը արհամարհում է ԵԽԽՎ-ին և Եվրոպայի խորհրդին, շարունակում է ոտնահարել ԵԽ հիմնարար սկզբունքներն ու արժեքները։
Թեպետ, չպետք է զարմանալի լինի, քանի որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում հայտնվել է մարդ, ով բավականին հեռու է Եվրոպայի խորհրդի հինադիր հայրերի թողած ժառանգությունից և նրան, հնարավոր է, առավել հոգեհարազատ է իսպանական կոնկիստադորների ագահությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան