Համերգ` նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի 145-ամյակին
Մեծ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանի 145-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմնոիկ նվագախումբը փետրվարի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպում է համերգ: Նվագախմբի մամուլի ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ համերգին ելույթ է ունենալու ՀԱՖՆ Նոր Կամերատան և ՀԱՖՆ Հարվածայինների անսամբլը: Երեկոյի ընթացքում հնչելու է Յոհան Սեբաստիան Բախի «2 Ֆուգա», Դոն Յաֆֆեի «Լարային տրիո», Գեորգ Ֆիլիպ Տելեմանի «Ֆանտազիա 6», Գոռ Հովհաննիսյանի «Սինֆոնիա հարվածայինների համար», Ալեքսանդր Սպենդիարյանի « Սյուիտ լարային քառյակի համար» ստեղծագործությունները: Համերգը ղեկավարելու է դիրիժոր` Վարդուհի Մինասյանը:
Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրն է:
Ալեքսանդր Սպենդիարյանը ծնվել է 1871 թ. նոյեմբերի 1-ին Ուկրաինայում: 1890 թ-ին ավարտել է Սիմֆերոպոլի գիմնազիան, 1895 թ-ին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Ստեղծագործական առաջին փորձերն արել է այդ տարիներին, եղել է ուսանողական նվագախմբի կոնցերտմայստեր: 1892–94 թթ-ին կոմպոզիցիայի տեսություն է ուսումնասիրել Նիկոլայ Կլենովսկու (Մոսկվա), 1896–1900 թթ-ին՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի (Սանկտ Պետերբուրգ) ղեկավարությամբ, միաժամանակ ավարտել իր առաջին խոշոր ստեղծագործությունը՝ «Կոնցերտային նախերգանքը»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար:
1901 թ-ից Սպենդիարյանը մշտապես բնակվել է Ղրիմում, որտեղ ծավալել է դիրիժորական գործունեություն, մշակել ժողովրդական երգեր և պարեղանակներ: Յալթայի նրա տանը հաճախ հավաքվել են ժամանակի խոշոր գրողներ և արվեստագետներ Լև Տոլստոյը, Ֆեոդոր Շալյապինը, Մաքսիմ Գորկին, Անտոն Չեխովը, Ալեքսանդր Գլազունովը և ուրիշներ:
Որպես կոմպոզիտոր՝ Սպենդիարյանը ձևավորվել է ռուսական և հայկական մշակույթների համատեղ ազդեցությամբ: Կոմպոզիտորը մտերիմ է եղել Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Վարդգես Սուրենյանցի, Ռոմանոս Մելիքյանի, Ալեքսանդր Թամանյանի հետ:
1924 թ-ին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով կոմպոզիտորը տեղափոխվել է Երևան, մասնակցել կոնսերվատորիայում օպերային դասարանի, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության կազմակերպմանը, հանդես եկել որպես դիրիժոր: Հայաստանի շրջաններում լսել և ձայնագրել է ժողովրդական երգեր ու պարեղանակներ, մշակել է նաև Սայաթ-Նովայի «Ղարիբ բլբուլ» երգը: Սպենդիարյանը գրել է խորհրդահայ առաջին դասական` «Ալմաստ» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, լիբրետոյի հեղինակ՝ բանաստեղծուհի Սոֆյա Պառնոկ):
Ալեքսանդր Սպենդիարյան մահացել է 1928 թվականին Երևանում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում