Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն ամռան սկզբին կվերաբացվի
Մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, այժմ ընթանում են թանգարանի ներքին ձևավորման, նկարների տեղադրման, նոր ցուցադրության նախապատրաստման աշխատանքները: Panorama.am-ին տեղեկացրեց Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:
«Ինձ թվում է մինչև հունիսի 10-ը պատրաստ կլինենք բացվելու»,- հայտնեց նա:
Հիշեցնենք, որ 2013 թ. մայիսի 1-ից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը չի գործում. մշակութային օջախը հիմնանորոգվում է: Մ. Սարյան տուն-թանգարանի ամբողջ հավաքածուն, թանգարանի շենքի հիմնարար վերանորոգման աշխատանքների հետ կապված, հանձնված է Մատենադարանին ի պահպանություն:Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին: Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով: Դեպի փողոց դուրս եկող ճակատամասի վերին հատվածի խճանկարը, Մ. Սարյանի էսքիզով, կատարել է հայտնի նկարիչ Գագիկ Սմբատյանը:
Նշենք, որ փետրվարի 28-ին նկարչի ծննդյան օրն է: Ռ. Սարյանն ասաց, որ առավոտյան այցելելու են Մ. Սարյանի անվայն դպրոց, որտեղ աշակերտները ցերեկույթ են նախապատրաստել, այնուհետև գնալու են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու վարպետի հիշատակին:
Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին Ռուսաստանում՝ Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան քաղաքում: 1895 թվականին Սարյանն ավարտում է Նոր Նախիջևանի քաղաքային հայ-ռուսական հանրակրթական ուսումնարանը: Դպրոցն ավարտելուց հետո Սարյանն աշխատանքի է ընդունվում փոստային գրասենյակ: Այստեղ ազատ ժամերին նա ամսագրերից պատկերներ էր վերանկարում և գրասենյակ եկող հետաքրքիր մարդկանց ճեպանկարներ անում: Սարյանի ավագ եղբայր Հովհաննեսը, քաջալերելով Մարտիրոսի հետաքրքրությունը, նրան ծանոթացնում է իր բարեկամ նկարիչ, Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտ Ա. Արծաթբանյանի հետ: Գնահատելով պատանու բնատուր օժտվածությունը՝ Արծաթբանյանը Մարտիրոսին պատրաստում է ընդունելության քննությունների:
1897 թվականին Մարտիրոս Սարյանը դառնում է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսանող: 1901–1903 թվականների ճամփորդությունները դեպի Կովկաս Սարյանի համար դառնում են իսկական հայտնություն: 1902 թվականի ամռանը նկարիչը լինում է Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում:
Մերձավոր Արևելքի երկրներ` Թուրքիա (1910թ.), Պարսկաստան (1913թ.), Եգիպտոս (1911թ.) ուղևորությունների ողջ ընթացքում նկարչին առաջնորդում է արևելյան աշխարհի և ինքն իրեն, որպես այդ աշխարհի մի մասնիկը, ըմբռնելու ձգտումը: 1911 թվականին Եգիպտոս (Կահիրե, Գիզա, Մեմֆիս, Լուքսոր) կատարած ուղևորությունը հարստացնում է Սարյանի արվեստը նոր աշխատանքներով: 1911 թվականի աշնանը Հռոմի ժամանակակից արվեստի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսում ներկայացված Սարյանի նոր աշխատանքները մեծ հետաքրքրքություն են առաջացնում գեղարվեստի աշխարհում: Սակայն նկարչի ստեղծագործության հետագա զարգացումը ընդհատվում է հայ ժողովրդի ողբերգական իրադարձություններով:
1918–1919 թվականներին Սարյանը ընտանիքով ապրում է Նոր Նախիջևանում: Նկարիչը դառնում է Ռոստովի հայկական գավառագիտական թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը:
Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ա. Մյասնիկյանի հրավերով 1921 թ. Սարյանն ընտանիքով տեղափոխվում է Երևան` մշտական բնակության: Այստեղ նա հիմնում է հնագիտության, ազգագրության, կերպարվեստի պետական թանգարան, մասնակցում է Երևանի գեղարվեստի ուսումնարանի և կերպարվեստի աշխատողների ընկերության կազմակերպմանը: 1922 թվականին Սարյանի էսքիզներով ստեղծվում են Սովետական Հայաստանի զինանշանն ու դրոշը:
1925 թ. Մարտիրոս Սարյանին շնորհվում է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչում:
1966 թվականին Մ. Սարյանը ստանում է Հայաստանի ԽՍՀ Պետական մրցանակ: Լույս է տեսնում նկարչի «Գրառումներ իմ կյանքից» հուշերի գիրքը (սկզբից հայերեն, ավելի ուշ հրատարակվեց 4 լեզվով): 1967 թվականի նոյեմբերի 26-ին Երևանում բացվում է Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը: Անհատական ցուցահանդեսներ է ունենուման Ռումինիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում:
Մարտիրոս Սարյանը վախճանվել է 92 տարեկան հասակումէ 1972 թվականի մայիսի 5-ին:
Հարակից հրապարակումներ`
- Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման երկրորդ փուլը ֆինանսավորվել է. Տնօրեն
- Սարյանի տուն-թանգարանը կվերաբացվի՝ «հարիր նկարչի թե անվանը, թե արվեստին»
- Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերաբացման ժամկետը հայտնի չէ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան