Ինչն է խանգարում աշխատել ամուսնացած կանանց. Հարցում
Հայաստանում ամուսնացած ու փոքր երեխաներ ունեցող կանայք հիմնականում փնտրում են «ոչ լրիվ աշխատանքային օր» գրաֆիկով աշխատանք: Նրանք հիմնականում աշխատանքից դուրս են գալիս արտաժամյա աշխատանքի պատճառով: Սա են ցույց տվել «Աշխատանքի շուկայում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և տնտեսական ռեսուրսների հավասար մատչելիության ապահովման հետ կապված իրավիճակի ուսումնասիրություն» հետազոտության արդյունքները:
«Քանի որ աշխատանքից դուրս գալու հիմնական պատճառներից մեկը` արտաժամյա աշխատանքն է, ապա ներկայումս մինչև 3 տարեկան երեխա խնամող կանանց 79%-ը, 4-5 տարեկան երեխա` 46%, 6-10 տարեկան երեխա` 53% փնտրում են «ոչ լրիվ աշխատանքային օր» գրաֆիկով աշխատանք, որպեսզի կարողանան համատեղել երեխայի խնամքն ու աշխատանքը»,-նշված է հետազոտության մեջ:
Հետազոտության հեղինակները փաստում են, որ չաշխատելու հիմնական պատճառը (թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար) աշխատանք չգտնելն է: Սակայն երեխայի խնամքը, ամուսնու կամ ընտանիքի այլ անդամների դեմ լինելը լուրջ խոչընդոտ են յուրաքանչյուր 5-րդ չաշխատող կնոջ համար:
Համաձայն հետազոտության տվյալների` ամուսնացած կանանց ընտանեկան կարգավիճակը նաև աշխատանքից դուրս գալու հիմնարար պատճառ է հանդիսանում: Յուրաքանչյուր 4-րդ չաշխատող կին շեշտել է այս հանգամանքը:
Աշխատանք գտնելու համար տղամարդիկ (70%-ից ավելի) կարևորում են կոռուպցիոն բաղադրիչը՝ «լավ ծանոթությունը», կապերը, կաշառքը: Իսկ կանայք շարունակում են ապավինել «լավ կրթությանը»:
Չաշխատող ամուսնացած կանանց աշխատանքի ընդունվելու համար դարձյալ խոչընդոտ է հանդիսանում երեխայի խնամքով զբաղվելը և, որպես դրա արդյունք, աշխատանքային փորձի և որակավորման բացակայությունը կամ ոչ բավարար լինելը:
Հետազոտության համար կիրառվել են ընտրանքային հետազոտություն, փորձագիտական հարցազրույցներ և քննարկումներ ֆոկուս խմբերում: Հարցումն անցկացվել է 1040 մարդու շրջանում, նրանցից 750-ն աշխատանք ունեն, 636-ը կանայք են, 404-ը՝ տղամարդիկ: