Հարցում. Հայաստանում երեխաներն առավել հաճախ բռնության ենթարկվում են մայրերի կողմից
Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների 44 տոկոսը համարում է, որ երեխայի նկատմամբ բռնության խնդիրը հրատապ լուծման կարիք ունի: 25 տոկոսը նշել է, որ այդ ուղղությամբ ընդհանրապես չի մտածել: Նկատենք, որ քաղաքաբնակաների 79 տոկոսն է խնդիրը համարում հրատապ լուծման ենթակա: Նման տվյալներ հրապարակված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխայի հանդեպ բռնության վերաբերյալ հետազոտության մեջ:
Հարցումն անցկացվել է հանրապետության բոլոր մարզերում ու Երևանում՝ առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող 1215 ընտանիքներում:
Հարցվածների 84 տոկոսը կարծում է, որ երեխային բռնության ենթարկելը ընտանիքում վատ սովորության՝ հարբեցողության, թմրամոլության, խաղամոլության հետևանք է, 50 տոկոսի կարծիքով՝ ընտանիքում ճգնաժամային իրավիճակի առկայությունն է, 18 տոկոսը համարում է, որ պատճառը աղքատությունն է կամ սոցիալական անապահովությունը: Հարցվածների 48 տոկոսն էլ նշել է, որ երեխայի նկատմամբ բռնության կիրառումը բռնություն գործադրողի հոգեկան կամ մտավոր հիվանդության առկայության հետևանք է:
Հարցման մասնակիցների մեծ մասը՝ 59 տոկոսը համարում է, որ տարածված է ֆիզիկական բռնությունը, 43 տոկոսը՝ հոգեբանական բռնությունը, 4 տոկոսը՝ սեռական բռնությունը, 30 տոկոսը՝ անտեսումը:
Ուշագրավ է, որ հարցմանը մասնակցած թե կականց, թե տղամարդկանց գերակշռող մասը՝ համապատասխանաբար 83% և 79%-ը համարում են, որ երեխաներն առավել շատ բռնության են ենթարկվում մայրերի կողմից: Ինչ վերաբերում է ուսումնական հաստատություններում երեխայի՝ բռնության ենթարկվելու դեպքերին, ապա նշվում է, որ դայակներն ու դաստիարակները երեխաներին ավելի շատ ենթարկում են ֆիզիկական, իսկ ուսուցիչները՝ հոգեբանական բռնության:
Երեխայի հանդեպ բռնությունը կանխարգելելու համար ի՞նչ քայլեր են հարկավոր: Հարցին մասնակիցների 60 տոկոսը պատասխանել է տևական մասնագիտական աշխատանք ընտանիքների հետ, 24 տոկոսը՝ օրենսդրական փոփոխություններ: