Վարդան Օսկանյանի կուսակցություն հիմնելու գործունեությունն ընթացքի մեջ է. «Հրապարակ»
Նախկին ԲՀԿ-ական, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին մոտ կանգնածները վստահեցնում են, որ կուսակցաշինական գործունեությունն ընթացքի մեջ է, նա լուծել է գրեթե բոլոր խնդիրները՝ մարդկային ռեսուրսից սկսած, վերջացրած կուսակցական գաղափարախոսության ու գործունեության դաշտի խնդրով, բայց ամենակարևորը՝ ֆինանսի հարցը դեռ անլուծելի է: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Փողերի լվացման մեղադրանքը դեռ չթոթափած՝ Օսկանյանը չի կարող ընդունել ցանկացած աղբյուրից ֆինանսավորվելու առաջարկները, որովհետև կարող են նորից թարմացնել քնեցված գործը։ Ըստ լուրերի, այժմ նա բանակցում է որոշ կենտրոնների հետ՝ մաքուր ու ոչ վտանգավոր փողեր գտնելու համար: Ի դեպ, «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունից հետո այլևս չկա դրույթը, համաձայն որի՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի դրանից առնվազն մեկ տարի առաջ գրանցված կուսակցությունը, այսինքն՝ Օսկանյանը մինչև 2017-ի գարուն ժամանակ ունի»,-հավելել է թերթը: