Սիրիական հրադադարի արդյունավետության մասին ոչ ոք դեռ ոչինչ չի կարող ասել. արաբագետ
Այսօր կեսգիշերին Սիրիայում հաստատվեց հրադադար, սակայն արդեն եղել են կրակոցներ, հրադադարեի խախտումներ՝ Հալեպ և Հոմս քաղաքներում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նրա խոսքով հրադադարի արդյունավետության մասին իրականում ոչ ոք չի կարող դեռ խոսել, ամեն ինչ կախված է զարգացումներից:
Անդրադառնալով հրադադարի դրական նախադրյալներին՝ արաբագետն ասաց. «Այս զինադադարը հաստատվել է հնարավոր ամենաբարձր մակարդակով: Այս հինգ տարիների ընթացքում բազմիցս են եղել հրադադարներ, բայց սրա պես համընդհանուր նշանակություն ունեցող չի եղել: Եղել են տեղային բնույթի հրադադարներ»:
Արմեն Պետրոսյանը նշեց նաև, որ հրադադարը դրական ազդեցություն կարող է ունենալ նաև փախստականների խնդրի վրա, որն այսօր պատուհասել են Եվրոպային, դրա կարգավորման հիմանական ճանապարհը Մերձավոր Արևելքի հակամարտությունների հանգուցալուծումն է:
Սակայն, ըստ արաբագետի, առկա են նաև խոչընդոտները հրադադարի պահպանման հետ կապված, որը հիմանականում պայմանավորված է արտաքին ուժերով, որոնք իրենց շահերն են հետապնդում, մասնավորապես Թուրքիան և Սաուդյան Արաբիան. «Նրանց անկանխատեսելիության գործոնը ևս պետք է հաշվի առնել, քանի որ հնարավոր են բավական մեծ սադրիչ գորոծողությունների տարբեր մեկնաբանություններ, քարոզչական պայքար»:
Նա նաև հավելեց, եթե այս հրադադարը չկայանա, ապա սիրիական հակամարտության կարգավորումը տեղափոխվելու է սիրիական ռազմադաշտ, ռազմական իրավիճակը հասնելու է ամենամեծ թեժության: