Արամ Մանուկյանը՝ մարտի 1-ի բացահայտման գործընթացի մասին
«Ի՞նչ են արել այս ութ տարվա ընթացքում, այս գործում բացարձակ որևէ առաընթաց չկա: Իշխանություններն ակնհայտ գնում են մարտի 1-ը ծածկելու, մոռացության տալու և այդ էջը փակելու գործընթացով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի բացահայտման գործընթացին:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենց խմբակցությունն օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է մարտի 1-ը համարել բռնաճնշումների դեմ պայքարի օր. «Չգիտեմ՝ կընդունվի օրենքը, թե չէ, բայց այն դեռ պտտվում է ԱԺ-ում: Անկախ դրանից՝ մենք պետք է գնանք նրան, որ այդ օրը, որպես ավանդույթ, դառնա պայքարի օր»:
Մանուկյանը տեղեկացրեց, որ վաղը ժամը 18-ին հավաք երթ են անցկացնելու, սակայն միտինգ չի լինելու, կլինի միայն բացման խոսք:
Հարցին, թե ինչու որոշեցին միայն հավաք-երթով բավարարվել, պատասխանեց. «Սա առաջին տարին չէ, որ միտինգ չենք անում. հաշվի ենք առել նաև ծնողների ցանկությունը: Սա այն փուլը չէ, փորձեցինք չխառնել հիշատակի օրը քաղաքական հարցերի հետ»: