Շուշան Պետրոսյանը չի խախտել էթիկայի կանոնները. Որոշում
Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանը ԱԺ պատգամավորի էթիկայի կանոնները չի խախտել՝ facebook սոցիալական ցանցում կատարած իր մեկնաբանության համար: Այդ մասին նման որոշում այսօր կայացրել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովը:
Հունվարի 13-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից փոստային առաքման միջոցով դիմում է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ «ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով»:
«Օգտատեր Գայանե Շահինյանի կոշտ ու վիրավորական արտահայտությունների համար Շուշան Պետրոսյանը փորձել է սաստել նրան», -հանձնաժողովի դռնփակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ Հանձնաժողովը հրավիրել է դիմումատու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, օգտատեր Գայանե Շահինյանին, առաջինը չի եկել, իսկ վերջինն էլ դիմում է գրել հանձնաժողով՝ ասելով, որ ինքը պատգամավորից բողոք չունի:
«Մենք խորհրդակցել ենք որոշ փաստաբանների հետ՝ հասկանալու, թե որ պարագայում «աչքերդ կհանեմ», «լակոտ» արտահայտությունները կարող են դիտվել որպես սպառնալիք: Բոլոր փաստաբաննեը, ում հետ ես ինքս անձամբ խոսել եմ, միաբերան հիմնականում փաստում են հետևյալը՝ տվյալ պարագայում հաշվի առնելով Շուշան Պետրոսյանի էությունը՝ մշակութային գործիչ և այլն, նրա խոսքերը որևէ դեպքում չի կարելի դիտարկել որպես սպառնալիք, այլ նման կարգի մոտեցումները կտրուկ սաստելու փորձ: Պատանի տարիքում մեր մեծերը մեզ շատ են ասել՝ ականջներդ կկտրեմ, այ լակոտ: Բայց դրանից չի հետևել, որ նրանք գալու են անմիջապես կտրեն իմ ականջները», -հայտարարեց Խոսրով Հարությունյանը՝ ընդգծելով, որ Շուշան Պետրոսյանի նպատակը չի եղել սպառնալ, այլ սաստելը:
Այդ կապակցությամբ, Խոսրով Հարությունյանն ասաց, որ հանձնաժողովը որոշել է կարճել գործի վարույթը:
«Էթիկայի հանձնաժողովը չի կարող իր լիազորությունների շրջանակում այս կամ այն դրվագը փաստել, որակել որպես վիրավորանք: Դա դատարանի գործն է, հետևաբար, Գայանե Շահինյանը, եթե ցանկանում է, կարող է դիմել դատարան: Դա իր խնդիրն է: Մենք այդ հարցը գտնում ենք միջանձնային հարաբերությունների ոլորտում», -հավելեց հանձնաժողովի նախագահը:
Հանձնաժողովում չորս անդամներ կողմ են եղել այս որոշմանը, իսկ ՕԵԿ-ը ներկայացնող պատգամավորը՝ Հովհաննես Մարգարյանը եղել է ձեռնպահ:
«Որևէ մեկ պատգամավոր այս հարցում տարակարծություն չի ունեցել: Այս առումով հանձնաժողովը եղել է միաձայն», -նիստից ներկայացրեց Խոսրով Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Պետրոսյանը Էթիկայի հանձնաժողովում բացատրություններ է տվել
- Շուշան Պետրոսյանի դեմ բողոքը Էթիկայի հանձնաժողովն ընդունել է վարույթ
- Ինչքան հանգիստ թողնեք ինձ, այնքան շուտ այդ հարցը կվերջանա, կգնա. Շուշան Պետրոսյան
- Շուշան Պետրոսյանի հարցը` ԱԺ Էթիկայի հանձնաժողովում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա