Նոր Ջուղայում հայկական տների պահպանման համար պատերազմ է գնում ոչ թե Իրանի կառավարության, այլ շուկայի հետ. Ճարտարապետ
Իրանի կառավարությունն երկրի տարածքում գտնվող հայկական մշակութային հուշարձանների պահպանման ուղղությամբ քայլեր իրականացնում է, սակայն այսօր Նոր Ջուղայում հենց հայերն իրենց տներին ուշադրություն չեն դարձնում: Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կազմակերպված «Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ճարտարապետ Մարկո Բրամբիլան (ԱՄՆ):
«Իրանում պատերազմ է գնում ոչ թե Իրանի կառավարության, այլ շուկայի հետ: Այսօր հայերը, դժբախտաբար, աղոթում են, որ օր առաջ իրենց շենքը փլվի: Նրանք չեն վերակառուցում իրենց տները տարիների ընթացքում: Հենց պատմական շենքը փլվում է, այլևս գոյություն չունի, հողամասի գինը ութ անգամ ավելի է թանկանում»,- նշեց նա:
Ըստ նրա, Նոր Ջուղայի տարածքում մոտ 300 տարբեր շենքեր են եղել, այսօր պահպանվել է մոտ հինգ տասնյակը, որից միայն 13-ն են ուսումնասիրված: Ճարտարապետի խոսքով, այսօր Իրանի տարբեր արխիվներում պահպանվում են Նոր Ջուղայի տների հատակագծեր, գծագրեր, լուսանկարներ, որոնք անհրաժեշտ է հավաքել, ուսումնասիրել, քանի դեռ ընդհանրապես չեն ոչնչացել:
«Այս աշխատանքը կարող է իրականացվել հայկական և պարսկական տարբեր ինստիտուտների համագործակցության միջոցով: Պետք է մի ծրագիր մշակվի, որպեսզի կարողանանք փրկել այդ գծագրերը»,- ասաց Մ. Բրամբիլան:
Նրա ներկայացմամբ, հայ խոջաների տները հիմնական կառուցված են պարսակական ոճով, թեև կան նաև հայկական ճարտարապետության տարրեր: Ճարտարապետի խոսքով, հայտնի չէ, ովքեր են կառուցել այդ տները: Նա չի բացառում, որ հնարավոր է սկզբում դրանք կառուցված լինեն պարսիկ ճարտարապետների կողմից, մինչև որ հայերը հմտացել են այդ արվեստին կամ հայ և պարսիկ ճարտարապետները համագործակցել են: Խոջաների տների որմնանկարները, Մ. Բրամբիլայի խոսքով, հայ վարպետների աշխատանքներ են, քանի որ նրանք սովորել էին եվրոպական ոճով նկարչություն ու հիմնել էին դպրոց:
Հարակից հրապարակումներ`
- Նոր Ջուղան միջգաղթավայրային կարևոր նշանակություն է ունեցել. Հուշարձանագետ
- Իրանցի պրոֆեսոր. Նոր Ջուղայի հին հայկական տները վերահսկողության տակ են գտնվում