Մասնագետի խորհուրդը սիրտանոթային հիվանդություններ ունեցողներին
Գարնանը՝ եղանակային լուրջ փոփոխություններով պայմանավորված՝ անկայունության, մթնոլորտային ճնշման տատանումներ, սրվում են բոլոր սիրտ-անոթային հիվանդությունները, հատկապես զարկերակային հիպերտոնիան և սրտի իշեմիկ հիվանդությունները: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սրտաբան Մարինե Օրդյանը,
Ամբողջ աշխարհում մահացության ընդհանուր թվում 50%-ից ավելին սիրտանոթային բարդություններին է բաժին ընկնում, նույն պատկերը նաև Հայաստանում է:
«Այս շրջանում բժիշկներին ավելի հաճախ դիմում են զարկերակային գերճնշում ունեցողները, քանի որ եղանակային փոփոխություններով պայմանավորված այդ հիվանդներն ունենում են ճնշման տատանումներ»,- ասաց սրտաբանը:
Ըստ նրա՝ այս շրջանում օրգանիզմից եկող յուրաքանչյուր ազդակի պետք է լուրջ վերաբերվել և սիրտանոթային հիվանդությունների ախտանիշներ նկատելով՝ կրծոսկրի հետևում առաջացող սեղմոցը, որը տարածվում է աջ կամ ձախ ուսագլուխ, գլխապտույտ, խոսելու ունակության հանկարծակի խանգարում, շնչարգելություն, գունատություն և այլն, անպայման դիմել համապատասխան մասնագետի։
«Որքան շուտ կատարվի ախտորոշումը, այնքան հիվանդությունը շուտ կնահանջի»,- ասաց սրտաբանը:
Մասնագետը խորհուրդ տվեց հետևել զարկերակային ճնշմանը, արյան մեջ խոլեստերինի, շաքարի քանակությանը, հրաժարվել ծխախոտից, ֆիզիկապես լինել ակտիվ: Եղանակային կտրուկ փոփոխությունների օրերին, Մ.Օրդյանը զարկերակային գերճնշումով հիվանդներին խորհուրդ տվեց խուսափել լրացուցիչ ֆիզիկական և էմոցիոնալ լարվածությունից:
Ինչ վերաբերում է սիրտանոթային հիվանդությունների երիտասարդացմանը, սրտաբանն ասաց, որ, ցավոք սրտի, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է սիրտանոթային հիվանդությունների երիտասարդացում, ինչը պայմանավորված է նյարդահոգեբանական ծանրաբեռնվածությամբ, լարվածությունով, որը ընկած է երիտասարդների ուսերին, ինչպես նաև ոչ առողջ ապրելակերպով:
«Սակայն վերջին տարիներին երիտասարդներն ավելի հետևողական են և հաճախ են անցնում բուժզննում, ինչը հնարավորություն է տալիս վաղ տարիքում կանխել հիվանդության հետագա զարգացումը»,- ասաց նա:
Մարինե Օրդյանը նշեց, որ սիրտանոթային հիվանդություններն ունեն ռիսկի գործոններ. դրանք են՝ ծխելը, խմելը, ճարպակալումը, նստակյաց կենսակերպը, արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը:
«Սիրտանոթային խնդիրներից խուսափելու համար նախևառաջ պետք է դադարեցնել ծխախոտի օգտագործումը, սահմանափակել խմիչքի օգտագործումը, չօգտվել արագ սննդից, պայքարել ճարպակալման դեմ, եթե խոլեստերինի քանակը արյան մեջ բարձր է, ապա պետք է փորձել նվազեցնել, ինչպես նաև ավելացնել ֆիզիկական ակտիվությունը, զբոսնել կամ սպորտով զբաղվել շաբաթական գոնե 2 անգամ»,- խորհուրդ տվեց մասնագետը՝ հավելելով, որ առողջ ապրելակերպի դեպքում սիրտանոթային հիվանդությունները ակնհայտորեն կնվազեն: