Լևոն Արոնյան. «Ես պետք է Օզվերին խմեմ»
Հավակնորդների մրցաշարից առաջ Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել «Սպորտ Էքսպրեսին»: Սա հայ գրոսմայստերի չորրորդ փորձն է՝ պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար: Երկար ժամանակ Արոնյանը Մագնուս Կառլսենի հիմնական մրցակիցն է համարվում: Այս հարցազրույցում Արոնյանը նշել է, թե ինչն է պակասում իրեն՝ պայքարելու շախմատային թագի համար:
«Ես շատ բարի մարդ եմ, ինձ միշտ պետք է լրացուցիչ լիցքավորել: Ափսոս, չկա այնպիսի «Օզվերին», ինչպես Լեոպոլդ կատվի մասին հանրահայտ մուլտֆիլմում: Ես ամեն ինչ անում եմ, զայրանում ինքս ինձ վրա, մրցակցի վրա, շրջապատում բոլորի վրա, բայց այդ ամենն անկեղծ չի ստացվում, որովհետև դա իմ բնույթը չէ: Չեմ կարծում, որ դա շատ դժվար է, և դու պետք է ուղղակի քեզ որոշակիորեն «նետես» այդ մթնոլորտի մեջ, իսկ հետո այնտեղից դուրս գաս՝ մնալով հավատարիմ ինքդ քեզ:
Արդյոք ուզո՞ւմ եմ աշխարհի չեմպիոն դառնալ: Շատ եմ ուզում: Անկասկած, զգում եմ, որ լավագույնն եմ: Դա, սակայն, ոչ մի նշանակություն չունի: Կարևոր են հաղթանակները, տիրապետությունը երկար տարիների ընթացքում: Այդ մասին շատ ճիշտ է ասել Զիգբերտ Տարրաշը. լավ շախմատիստ լինելը քիչ է, դեռ պետք է նաև շատ լավ շախմատ խաղաս: Ուստի իմ խոսքերը հատուկ նշանակություն չունեն: Շատ շուտով՝ մարտի 10-ին կմեկնարկի հավակնորդների մրցաշարը: Եվ ահա այնտեղ խաղատախտակի առջև պետք է ապացուցես, թե իրականում ինչ արժես:
Հասկանում եմ, թե ինձ ինչ է պակասում, և աշխատում եմ այդ ուղղությամբ: Իհարկե, ցանկանում եմ միշտ և ամենուր լավագույնը լինել: Ամբիցիաները բավարարում են, սակայն պետք է հավաքվել՝ վերջին պոկումն անելու համար: Լոնդոնում 2013 թ. կայացած հավակնորդների մրցաշարում ես «+3» ցուցանիշով հավասար էի ընթանում Կառլսենի հետ: Հետո պարզապես սկսեցի ծանր խաղալ, իսկ եզրագծին մոտ ինչ-որ պարտիայում նույնիսկ նորմալ հաշվել չէի կարողանում: Բայց միևնույն ժամանակ հանգիստ էի, ինչպես Կաան՝ «Մաուգլիում»: Հավանաբար, դա իմ գլխավոր խնդիրն է: Ի վերջո, գոնե մի քիչ կարողանում եմ շախմատ խաղալ»,- նշել է Լևոն Արոնյանը: