Ռուսական գազի գինը Բելառուսի համար, հնարավոր է, իջնի
Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի կողմից Բելառուսին մատակարարվող գազի գինը մարտ ամսին կարող է զգալիորեն իջեցվել: Փոխանցում է «Ռոսբալտ» գործակալությունը:
«Ենթադրում ենք, հնարավոր է Ռուսաստանից ներկրվող գազի գնի իջեցման հարցը լուծել: Կարծում եմ, այդ քայլը թույլ կտա իջեցնել տնտեսության իրական հատվածի համար սակագները՝ այս կերպ քիչ թե շատ հավասար պայմաններ ապահովել, ինչպես որ մեր ռուս գործընկերների համար է»,- նշել է Սեմաշկոն:
Վերջինս ընդգծել է, որ ռուսական գազը բելառուսական ձեռնարկատերերի համար բավական թանկ արժե: Սեմաշկոն հավելել է, որ այս հարցի շուրջ արդեն իսկ քննարկումներ են եղել և իրեն թվում է, որ հարցն ի գիտություն է ընդունվել նաև Ռուսաստանի ղեկավարության կողմից, քանզի քննարկումներին մասնակցել են երկու երկրների համապատասխան ոլորտների պատասխանատու նախարարները:
«Կարծում եմ, այս խնդիրը կարելի է և պետք է լուծել առաջիկայում՝ ոչ ուշ քան մարտ ամսին»,-ասել է Բելառուսի փոխվարչապետը:
Նշվում է, որ ներկա պահին Բելառուսը ռուսական գազը գնում է 1000 խորանարդ մետրի դիմաց 144 դոլարով: Միաժամանակ նշվում է, որ Բելառուսում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ արդեն իսկ փորձագետներին հանձնարարված է այդ խնդրով ուսումնասիրություններ իրականացնել: