Նոր Ջուղայում կա 14 կանգուն հայկական եկեղեցի. Հետազոտող
Իրանի տարածքում հաշվարկված է շուրջ 600 եկեղեցի, որոնց մեծ մասը կանգուն են: Այդ եկեղեցիներից 480-ը հայկական են, որոնց մի մասը լքված են, կիսավեր, կանգուն եկեղեցիներից շուրջ 80-ը բանուկ են: Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կազմակերպված «Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողովին ունեցած ելույթում ասաց ճարտարապետ, հետազոտող Շահեն Հովսեփյանը:
«Իրանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները բաժանվում է երկու խմբի՝ բնիկ հայերի և գաղթական հայերի կողմից կառուցված եկեղեցիներ: Բնիկների կառուցած եկեղեցիներն՝ Իրանի հյուսիս-արևմուտքում, իրենց ոճով նման են Հայաստանի տարածքում կառուցված եկեղեցիներին: Գաղթական հայերը, 17-րդ դարի սկզբում ստեղծելով հայկական գաղթօջախ, ելնելով կլիմիայական պայմաններից, մշակութային ազդեցություններից, ստեղծում են Նոր Ջուղայի ճարտարապետական ոճը»,- ասաց նա:
Ճարտարապետի խոսքով, Նոր Ջուղայի հայերին թույլատրել էին կառուցել եկեղեցիներ, բայց դրանք չպետք է ունենային զանգակատուն, գմբեթին խաչ, արտաքինից չպետք է նմանվեին հայկական եկեղեցիներին, որպեսզի չառաջացներ մուսուլմանների վրդովվմունքը:
Շահեն Հովսեփյանը, հենվելով տարբեր տեղեկությունների վրա, նշեց, որ հայերը 6 եկեղեցի են կառուցել Սպահանում, մինչև 1702 թվականը 25 եկեղեցի՝ Նոր Ջուղայում, որից մեկը պատկանել է հայ կաթոլիկ համայնքին: Այսօր Սպահանում հայկական որևէ եկեղեցի չկա, Նոր Ջուղայում կա 14 կանգուն հայկական եկեղեցի:
Հայկական եկեղեցիները կառուցում էին փայտից, աղյուսից, կավից, ունեին հայկական եկեղեցիների հատակագիծ: Ըստ նրա, հայկական եկեղեցիների ներսի պատերը զարդարում էին որմնանկարներով, նաև պատերի մեջ տեղադրվոմ էին խաչքարեր, քանի որ արգելված էր եկեղեցիների հարևանությամբ կանգնեցնել խաչքարեր: Միայն Ամենափրկիչ եկեղեցու պատերի մեջ տեղադրված է 148 խաչքար:
Ճարտարապետները եկեղեցիների արտաքին պատերը շատ չէին զարդարում, որպեսզի չնմանվենին մզկիթներին: Հայկական եկեղեցինեին ունեին մեծ գմբեթներ, որոնք իրանական ճարտարապետության ազդեցությունն էր:
Իրանի Սպահան քաղաքի Նոր Ջուղա թաղամասը կարևոր կենտրոն է եղել պարսկահայության համար։ Նոր Ջուղա հայաքաղաքը հիմնվել է 1606 թվին, երբ Շահ Աբաս Մեծը Արևելյան Հայաստանից ու հարակից տարածքներից մոտ 300.000 հայ տեղահանեց ու գաղթեցրեց Իրանի խորքերը։
Հարակից հրապարակումներ`
- Նոր Ջուղայում հայկական տների պահպանման համար պատերազմ է գնում ոչ թե Իրանի կառավարության, այլ շուկայի հետ. Ճարտարապետ
- Նոր Ջուղան միջգաղթավայրային կարևոր նշանակություն է ունեցել. Հուշարձանագետ
- Իրանցի պրոֆեսոր. Նոր Ջուղայի հին հայկական տները վերահսկողության տակ են գտնվում