Իրանցի պրոֆեսոր. Նոր Ջուղայի հին հայկական տները վերահսկողության տակ են գտնվում
Իրանի Սպահան քաղաքում գտնվող Նոր Ջուղա թաղամասում, եթե 1985 թվականին եղել է 300 հայկական տուն, այսօր պահպանվել է ընդամենը 70-ը: Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կազմակերպված «Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի Սպահան քաղաքում Նոր Ջուղայի և հարակից շրջաններում հայկական վտանգված հուշարձանների հետազոտող, Սպահանի համալսարանի արվեստի ֆակուլտետի պրոֆեսոր Ահմադ Մոնթազերը (Իրան):
Ըստ նրա, պետականորեն որևէ ավերածություն չի եղել, այլ անուշադրության և անփութության հետևանք է, որ այդքան բնակելի տներ են քանդվել այս ընթացքում:
«Եղել են դեպքեր, որ Հին Ջուղայի բնակիչը վաճառել է իր տունը որևէ մեկին, ում համար այդ հնությունը պահպանելը կարևոր չի եղել, քանդել է ու նորը կառուցել դրա տեղում: Նման դեպքեր գրանցվել են հիմնականում Իրանի հեղափոխության ժամանակաշրջանում, երբ վերահսկողություն չկար. հնավայրերն ավերվեցին, նորերը կառուցվեցին՝ եկամտնի նպատակով: Եղան դեպքեր, որ հենց տեղի բնկիչներն արտագաղթել էին Ջուղայից և տարբեր շրջաններից նոր հայեր էին եկել բնակվելու այդտեղ, ովքեր ավերել էին հին տները ու նորը կառուցել,- ասաց նա:
Ա. Մոնթազերի խոսքով, Իրանի մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող կազմակերպությունն այժմ հսկողության տակ է առել Նոր Ջուղայի տարածքը, որ այլևս հին տներ չքանդվեն: Ըստ նրա, չնայած այդ վիճակին, ներկայումս Սպահանի ամենագեղեցիկ վայրը, որը նաև հնություն է համարվում, Նոր Ջուղան է:
«Ծրագիր կա, որի համաձայն ուզում են այնպես անել, որ այդ տարածք մեքենաներ մուտք չգործեն, այլ միայն քայլելով հնարավոր լինի շրջել ողջ տարածքով: Բացի այդ, մշակութային ժառանգության կազմակերպության կողմից գնվել է 10 տուն, նորոգվել, դրանք լինելու են մշակույթի զարգացման կենտրոններ: Այդ տներից մեկում արդեն գործում է համալսարան, որը զբաղվում է Նոր Ջուղայի մշակույթի ուսումնասիրությամբ»,- ասաց իրանցի ճարտարապետը:
Նրա ներկայացմամբ, Ջուղայում կառուցված հայերի ու պարսիկների տները տարբերվում են իրարից: Հայերի տների սկզբում այգի է, այնուհետև նոր բնակելի մաս, պարսկական տները երկու մասից են կազմված, ունեն հյուրերի համար նախատեսված հատուկ մաս և ընտանիքի ապրելու համար մաս: Եվ հայերի, և պարսիկների տները կառուցված են աղյուսով և կավով, ինչպես Ջուղայի եկեղեցիները: Ըստ իրանցի պրոֆեսորի, քար ընդհանրապես չի օգտագործվել, քանի որ այդ հատվածում քար քիչ կա: Հայկական տները հիմնականում մեկ-երկու հարկանի են: