«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը գնել է Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյի առանձնատունը
Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող առանձնատունը, որտեղ մեծանուն հայն ապրել է իր կյանքի վերջին 17 տարին, վերակառուցվելու է որպես տուն-թանգարան: Այս մասին տեղեկանում ենք «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից:
«20-րդ դարի ամերիկյան գրականության հսկաներից մեկը՝ Վիլյամ Սարոյանն ապրել և ստեղծագործել է Ֆրեզնոյի Գուպեր միջնակարգ դպրոցից (Gooper Middle School) արևմուտք ընկած 2729 Գրիֆիթ Վեյ (W Griffith Way) փողոցում գտնվող առանձնատանը: Այսօր մեծանուն գրողի տունը գտնվում է ամայացած ու դատարկված վիճակում՝ փայտե պատուհաններով, խնամքի բացակայության արդյունքում առաջացած լուրջ վերանորոգում պահանջող պատերով, հատակով և այլն:
Խորապես գիտակցելով Սարոյանի թողած ժառանգության համամարդկային կարևորությունը, հաշվի առնելով առանձնատան անմխիթար վիճակը և նպատակ ունենալով փրկել այն ոչնչացումից՝ 2015 թվականին այն գնեց Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, որը վերջին երկու տարիների ընթացքում զարկ է տվել հայերեն Wikipedia-ի զարգացմանը և նպաստել հայկական ինտելեկտուալ ներուժը միջազգային մակարդակի բարձրացնելուն: Առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ:
Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամը մշակում է, և շուտով հանրության դատին կհանձնի տուն-թանգարանի վերակառուցման նախագիծն ու գործունեության պլանը»,-նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Սարոյանի տան աճուրդը տեղի է ունեցել 2015 թ. մայիսի 5-ին` Ֆրեզնոյի շրջանային դատարանում։ Տունը 1981թ Սարոյանի մահվանից հետո ունեցել է երեք սեփականատեր և երկու անգամ հայտնվել է սեփականության իրավունքը կորցնելու վտանգի տակ: Հարևան Էրնի Բական ասել, որ տունը վարձակալության է տրվել և զավթվել է ապօրինի հողակալների կողմից: Փոքրիկ՝ 1228 քառակուսի ոտնաչափ ունեցող տունը կառուցվել է 1964 թվականին: Ունի երեք ննջարան և մեկ լոգասենյակ: Հարևանի խոսքով, երբ տան սեփականատերը եղել է Սարոյանը, տնկել է պտղատու ծառեր: Սարոյանը 30 դոլար է վճարել նրան իր բացակայության ընթացքում ծառերը ջրելու, խնամելու համար: Տունը ներառված է քաղաքային պատմական արժեքների ցանկում։ Տան վրա 1989 թվականի հուշատախտակ է տեղադրվել, որի վրա գրված են այն 10 գրքի վերնագրերը, որոնք Սարոյանը գրել է այդ տանն ապրելու ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Տեսնես ի՞նչ է զգում հիմա Սարոյանի ոգին. Սարոյանի տան աճուրդից դեռ նորություն չկա
- Միլիտոնյանը հույս ունի, որ Սարոյանի տունը հայ գնորդ կունենա
- Վիլյամ Սարոյանի տունը վաճառվում է (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան