Իրանի բնակչության 98 տոկոսն ունի առողջապահության ապահովագրություն. Հասան Հաշեմ
Իրանի Իսլամական հանրապետությունում առողջապահության ոլորտի ծառայությունները հիմնականում տրամադրվում են անվճար. բնակչության 98 տոկոսն ունի առողջապահության ապահովագրություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմը:
Հիշեցնենք, որ Երևանում այսօր անցկացվում է «Հանրային առողջության նոր մարտահրավերներ» խորագրով միջազգային նախարարական համաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմի, Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոյի, Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի, Ղազախստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի տեղակալ Ելժան Բիրտանովի գլխավորած պատվիրակությունները:
Անդրադառնալով հանրային առողջապահության ոլորտի ծրագրերին՝ Հասան Հաշեմը նշեց, որ Իրանի գյուղական համայնքներում բնակվողները, որոնց թիվը կազմում է 24 միլիոն, իրենց ստացած բուժծառայության դիմաց վճարում են 3, իսկ քաղաքներում` 6 տոկոսը, գումարի մնացած մասը վճարում է պետությունը։
Ըստ նախարարի՝ Իրանում մահացության դեպքերի 75 տոկոսը ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով է, հիմնականում՝ սրտանոթային հիվանդությունների: Այդ հիվանդությունների կանխարգելման համար առողջ կենսակերպը և սպորտով զբաղվելը, ինչպես նաև աղի և շաքարի օգտագործման սահմանափակումը խրախուսող ծրագրեր են իրականացվում:
Հասան Հաշեմը նշեց նաև, որ նախագահ Հասան Ռոհանիի գործունեության երեք կարևոր ուղղություններից է առողջապահության ոլորտը. գիտության ու կրթության նախարարությունից հետո առողջապահության նախարարությունը երկրորդն է, որին հատկացվում է ամենախոշոր բյուջեն:
Նախարարը խոսեց նաև ալյուրի հարստացումից: Մասնավորապես, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Իրանում ալյուրը հարստացվում է, Հասան Հաշեմն ասաց. «Հաշվի առնելով այն, որ Իրանի բնակչության 80 տոկոսը վիտամին D–ի պակաս ունի, ապա ալյուրը հարստացնում ենք վիտամին D–ով, ֆոլաթթվով ու երկաթով»:
ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարը անդրադարձավ նաև իրանահայերին՝ նշելով, որ իրանահայ մեծ համայնքը կարևոր դերակատարություն ունի երկրի կյանքում և առանձնացնելով առողջապահության ոլորտը՝ նշեց, որ ոլորտում աշխատում են անվանի հայ մասնագետներ:
Հարակից հրապարակումներ`
- Առողջությունը պետք է գնահատել առողջության պահին, ոչ թե հիվանդության. Արմեն Մուրադյան
- Առողջությունը բացարձակ արժեք է ամենուր, և դրա պահպանման համար պետք է մեկտեղենք ջանքերը. Հովիկ Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա