Նար-Դոսի ծննդյան օրն է
«Նար-Դոսը մեր իրապաշտ վեպի մեծ, գիտակից վարպետներից մեկն էր: Նա ...ուշադիր հետազոտում էր, մանրազնին դիտում, իրականության լույսի տակ, մարդկային ալեկոծվող, ծովածավալ կյանքը՝ կրքերի բախում, շահերի կռիվ, վիշտ, կեղեքում, տանջանքներ... հաղթողներ և պարտվածներ՝ հասարակական թոհուբոհը...»,-Նար-Դոսի մասին ասել է բանաստեղծ Ավետիք Իսահակյանը:
Այսօր Նար-Դոսի (Միքայել Հովհաննիսյան) ծննդյան օրն է. ծնվել է 1867 թվականին Թբիլիսում:
Նար-Դոսը (նարդոս ծաղկի անունից է) սովորել է Թբիլիսիի Նիկոլաևյան երկդասյան դպրոցում, Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիայում: Հետագայում ինքնակրթությամբ հարստացրել է գիտելիքները. կարդացել է հայ գրողների գործերը, հրապուրվել անտիկ ու Վերածննդի շրջանի մշակույթներով, փիլիսոփայական, գեղագիտական ուսմունքներով, 19-րդ դարի եվրոպական և ռուսական գրականությամբ: Նար-Դոսը երկար տարիներ, կարիքից դրդված, չնչին վաստակով պաշտոնավարել է «Նոր դար» թերթում, որտեղ էլ տպագրվել են գրողի առաջին ստեղծագործությունները: «Նոր դարի» ընդհատվելուց հետո աշխատել է «Աղբյուր–Տարազ», «Գեղարվեստ», «Սուրհանդակ», «Հորիզոն» պարբերականների խմբագրություններում:
Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 1880-ական թվականներին. սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»ի ժողովածուում, ապա պատմվածքներ («Նեղ օրերից մեկը»,« Ես և նա»), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։
1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։
1890-ական թվականներից սկսվում է Նար-Դոսի ստեղծագործության նոր շրջանը, որին բնորոշ է հոգեբանական վերլուծության խորությունը. «Սպանված աղավնին» (1898 թ.), «Նեղ օրերից մեկը» (1904 թ.), «Խմբագիրը»,
«Պայքար» (1911 թ.):
«Բավական չէ, որ գրականությունը ցույց տա միայն այն, ինչ որ կա կյանքի մեջ. պետք է ցույց տա և այն, ինչ որ չկա և ինչ որ ցանկալի է, որ լինի...»,-ասել է Նար-Դոսը:
1931 թ-ին, գրական գործունեության 45-ամյակի առթիվ, Նար-Դոսին շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում: Ժամանակակիցները Նար-Դոսին հիշում են իբրև համեստ, պարզ և համակրելի անձնավորություն։
Նար-Դոսը վախճանվել է 1933 թ. Թիֆլիսում: Աճյունն ամփոփված է Խոջիվանքի հայկական գերեզմանատանը: