Գագիկ Ջհանգիրյան. Չեմ տեսնում կամք, ցանկություն մարտի 1-ի հանցագործությունները բացահայտելու
«10 զոհ, մի քանի հարյուր վիրավոր, մոտ 90 դատապարտված, որոնց ճնշող մեծամասնությունը բողոքի ակցիայի մասնակիցներ ու շարժման համակիրներ են եղել»,-մարտի մեկի ողբերգական դեպքերից 8 տարի անց նման վիճակագրություն ներկայացրեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
«Հազարավոր քաղաքացիներ, որոնք տուժել են, չեն կարողացել օգտվել դատական պաշտպանության իրենց իրավունքից: Եվ ի վերջո, ամենակարևորն ու ամենացավալին՝ կատարված սպանությունների համար որևէ անձ պատասխանատվության չի ենթարկվել: 8 տարվա ընթացքում սայլը տեղից չի շարժվել, չունենք դատապարտված անձ»,-ասաց Ջհանգիրյանը:
Նա այս ամենի համար իր բացատրությունն ունի. «Մարտի 1-2-ի իրադարձությունների մասնակից պետական կառույցների, հանցավոր խմբերի դերակատարությունը մինչև վերջ ուսումնասիրված, քննված, բացահայտված չէ: Օրինակ, մինչ այսօր մենք չգիտենք, թե իշխանությունն ինչպես է գնահատում մարտի 1-2-ի իրադարձություններին զինված ուժերի մասնակցությունը, չկա դրանից ավելի վաղ Պաշտպանության նախարարի՝ հույժ գաղտնի հրամանի իրավական գնահատականը»:
Ջհանգիրյանի խոսքով, մինչ այժմ բացահայտված չէ, թե այդ իրադարձություններին ինչպիսի մասնակցություն են ունեցել ապօրինի զինված խմբավորումները. «Դրանց մասին փաստահավաք խումբը առանձին զեկույցներ էր հրապարակել»:
«Նույնիսկ սպանված երեք անձանց մարմնից հանված գնդակների իդենտիֆիկացիա չկա, թե որ զենքից ովքեր են կրակել: Ես ուղղակի ընդհանրացնելով ասեմ, չեմ տեսնում կամք, ցանկություն այս հանցագործությունները բացահայտելու, և որ սա մեր իրավապահ համակարգի, օպերատիվ հետախուզության, քննչական մարմինների, դատախազական թույլ հսկողության կամ անկարողության արդյունք ու հետևանք է»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան