Գերմանական ռադիոն՝ Տաթևի վանքի մասին
Փետրվարի 28-ին գերմանական «Deutschlandfunk» հանրահայտ ռադիոյի կայքէջում Տաթևի վանքի մասին հոդված է հրապարակվել: Նյութը նաև փետրվարի 28-ին և 29-ին մի քանի անգամ թողարկվել է ռադիոյի եթերում:
Ստորև ներկայացնում ենք վերոհիշյալ հոդվածի հակիրճ թարգմանությունը.
«Հայերն իրենց հայրենիքը «քարերի երկիր» են անվանում: Այս փոքր պետության մեջ բազմաթիվ ժայռեր, լեռներ և կիրճեր կան: Տաթևում է գտնվում աշխարհի ամենամեծ ճոպանուղին: Դրա «թռիչքը» 11 րոպե է: Ճոպանուղուց մինչև Տաթևի վանք ընկած տարածությունը՝ 5,7 կիլոմետր: Դրա անվտանգության և տեխնիկական հարցերով պատասխանատուն Հրաչյա Ներսիսյանն է: Նա հարևան Գորիս քաղաքից է և շատ հպարտ է իր աշխատանքով: Նա ասում է. «Նախկինում անգամ չէի կարող երազել, որ այստեղով ճոպանուղի կանցնի: Հպարտ եմ, որ մեր շրջանում է գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղին, և ես իմ թիմի հետ միասին պատասխանատու եմ դրա անխափան աշխատանքի համար: Դա մեծ պատիվ է ինձ համար»:
Ճոպանուղու կառուցման նախագիծը կոչվում է «Տաթևի վերածնունդ»: Այն ֆինանսավորվում է հարուստ գործարարների կողմից ստեղծված հիմնադրամի կողմից: Գալիք տարում` իր հիմնադրման 1.111-ամյակին, Տաթևի վանքը պետք է ունենա իր նախկին փայլը և զբոսաշրջության միջոցով այստեղ պետք է աշխատատեղեր ստեղծվեն: Մինչև ճոպանուղու կառուցումը ընդամենը մի քանի հազար զբոսաշրջիկ էր գալիս այստեղ, իսկ հիմա` տարեկան շուրջ 100.000:
Տաթևի վանքը կառուցվել է իններորդ դարում և ճարտարապետական հրաշալի մի հուշարձան է: Այն բաղկացած է 10-13-րդ դարերում կառուցված երեք եկեղեցիներից` շրջապատված հզոր պաշտպանական պարսպով: Մյուս կողմից Տաթևը կրկին դարձել է հայ առաքելական եկեղեցու կարևոր հոգևոր կենտրոններից մեկը: Դեռևս միջնադարում այստեղ հռչակավոր համալսարան է եղել:
Հայաստանում մարդիկ հպարտ են, որ իրենց փոքր երկիրը աշխարհում առաջինն է քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն: Այդ պատճառով էլ Տաթև են այցելում ոչ միայն զբոսաշրջիկներ, այլ նաև` հավատացյալներ ամբողջ Հայաստանից և սփյուռքից: Նրանց մի մասն այստեղ մի քանի օր է մնում: Տաթևի վանքում են գտնվում Պետրոս և Պողոս առաքյալների մասունքները:
Սարկավագ Հարությունը մշտապես ապրում է վանքում: Հոգևորականներն ուրախ են, որ ճոպանուղու միջոցով շատ ավելի ճանապարհորդներ են գալիս իրենց մոտ: Վանքի աշխատանքն այնպես է կազմակերպված, որ զբոսաշրջիկներն ու հավատացյալներն իրար չխանգարեն. պատարագները մատուցվում են առավոտյան ժամը 6-ին և երեկոյան 19-ին, իսկ ճոպանուղին օրվա ընթացքում գործում է ժամը 10-18-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները