Մոգերինի. ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի ամուր գործընկերության հաստատումը շահեկան է
ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի ամուր գործընկերության հաստատումը շահեկան է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև ողջ տարածաշրջանի համար: Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նախարար Նալբանդյանը նշել է, որ սա նրա առաջին այցն է Հայաստան, որն անկասկած իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և խորացման վրա:
Արտգործնախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Կողմերն անդրադարձել են համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերին՝ քաղաքական երկխոսությանը, շարժունակությանը, մարդու իրավունքներին, տնտեսական բարեփոխումներին, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերին Հայաստանի մասնակցությանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է որ Հայաստանը շնորհակալ է Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության և օժանդակության համար, ինչը նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար։ Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը՝ ԱԳՆ դիվանագիտական դպրոցին հիմնադրումից ի վեր ցուցաբերվող կարևոր աջակցության համար։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում տիրող իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը համախմբելու կարևորության շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել միգրացիոն ճգնաժամին և փախստականների հոսքերին։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում ապաստանել են Սիրիայից ժամանած շուրջ քսան հազար փախստականներ. այդպիսով, մեր երկիրը հանդիսանում է բնակչության թվի հարաբերակցությամբ՝ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ հայկական կողմը արժևորում է այս հարցում ԵՄ կողմից Հայաստանին հնարավոր օժանդակության ցուցաբերումը։
Բանակցությունների օրակարգում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության իրականացումը։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Կողմերը համակարծիք էին, որ իրավիճակի սրմանը նպաստող ապակառուցողական քայլերը, ռազմատենչ հռետորաբանությունը վնասակար են և նպաստում են ստատուս քվոյի երկարաձգմանը։
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է հետևողական ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Հանդիպման լուսանկարները՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան