Իրինա Ռոդնինա. «Տաղանդներ կան, հարկավոր է գտնել նրանց»
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության 10-ակի և Եվրոպայի առաջնության 11-ակի չեմպիոն գեղասահորդ Իրինա Ռոդնինան կրկին Հայաստանում է: Աշխարհահռչակ գեղասահորդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է իր անունը կրող մարզադպրոցի և հայ երեխաների մասին:
«Մենք նոր ենք եկել սահադաշտից: Այստեղ խնդիր չպետք է լինի վարպետության դասեր տալը, ուղղակի դասընթացների հաջորդականություն է պետք: Դրանք պետք է լինեն մարզիչների համար: Այդ ամենը գեղեցիկ է դիտվում լրագրողների, նույնիսկ երեխաների համար: Բայց պետք է ավելի լուրջ աշխատանք տանել»,- Ռոդնինայի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Խոսելով Եվրոպայի անցած առաջնության մասին և անդրադառնալով մրցավարության հարցին՝ օլիմպիական եռակի չեմպիոնը փաստեց. «Գեղասահքում մենք երբեք չենք քննարկում մրցավարների որոշումները: Կարող ենք դժգոհ լինել արդյունքից, բայց գեղասահքի չգրված օրենքն է՝ չդատել մրցավարների որոշումները: Հիմա մրցավարների աշխատանքը բավական դժվարացել է: Ամեն ինչ կախված է համակարգչից: Իսկ եթե ցանկություն ունեք մրցավար ունենալ, ապա, կարծում եմ, ռուսաստանյան ֆեդերացիան պատրաստ կլինի աջակցել այդ հարցում»:
Օլիմպիական չեմպիոնը խոսել է նաև հայկական դպրոցի, երեխաների հեռանկարների մասին. «Չեմ կարող ասել, որ հայ պատանիների մեջ տաղանդավոր երեխաների չեմ տեսնում, չեմ կարող ասել, որ նրանք չկան: Պարզապես ուշ-ուշ եմ այցելում Հայաստան: Եթե ինչ-որ արդյունքների մասին ենք ուզում խոսել, ապա պետք է շարունակական աշխատանք կատարել: Հիմա հարկավոր է, որ համբերություն ունենանք և իսկապես սկսենք աշխատել: Տաղանդներ կան, հարկավոր է գտնել նրանց»:
Դեռևս 2015 թվականի դեկտեմբերին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա են գտնվել Իրինա Ռոդնինայի նորակառույց գեղասահքի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին