Առողջությունը պետք է գնահատել առողջության պահին, ոչ թե հիվանդության. Արմեն Մուրադյան
«Առողջությունը պետք է գնահատել առողջության պահին, ոչ թե հիվանդության ժամանակ. այդ ամենը հաշվի առնելով՝ Հայաստանում իրականացվում են առողջապահական կանխարգելիչ ծրագրեր»,- այսօր Երևանում անցկացվող «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքերով՝ յուրաքանչյուր պետություն իր առջև դնելով նպատակ՝ առողջ պահել իր բնակչությանը, մեծ ֆինանսական ռեսուրսներ է ծախսում և դրանք որևիցե երկրում համարժեք չեն լինում այն ծրագրերին, որոնք իր առջև դնում է պետությունը:
Արմեն Մուրադյանի ներկայացրած տվյալներով, 20-րդ դարի սկզբին կյանքի միջին տևողությունը կազմում էր 40-45 տարի, իսկ 20-րդ դարի վերջին այն կրկնակի աճել է՝ կազմելով 70-75 տարի, իսկ որոշ երկրներում` ավելի քան 80 տարի:
Ըստ նրա՝ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունները շարունակում են լուրջ խնդիր մնալ աշխարհի բոլոր երկրներում և դրանք ոչ պակաս պատերազմ են հայտարարել մարդկությանը. «Վիճակագրության համաձայն՝ տարեկան 40 միլիոն մարդ մահանում է ոչ վարակիչ հիվանդություններից ամբողջ աշխարհում, 18 միլիոնը կազմում է վաղաժամ մահացությունը: Նրանք այն մարդիկ են, ովքեր կարող էին իրենց աշխատանքով, մոտեցումներով ավելացնել իրենց երկրի համախառն արդյունքը: Երբ դիտարկում ենք 10 տարվա կտրվածքում, խոսք է գնում 180 միլիոն մարդու մասին, ու մեզ հարց ենք տալիս, որն է ավելի մեծ պատերազմ»:
Նախարարի խոսքերով` վարակիչ հիվանդությունների վերջին ալիքը ցույց տվեց, որ նոր տեսակի վարակիչ հարուցիչները ևս մարտահրավեր են մարդկությանը, և առողջապահության ոլորտի մասնագետները պարտավոր են համախմբվել նաև այդ հարցի շուրջ:
Արմեն Մուրադյանը հիշեցրեց, որ Հայաստանում արդեն երկու տարի իրականացվում են լայնամասշտաբ սկրինիգային ծրագրեր՝ ուղղված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ: Նա կարևորեց նաև պատվաստումների լայնածավալ ծրագիրը, որը Հայաստանը հաջողությամբ իրականացնում է և իմունոկանխարգելման ծրագրերը հասանելի դարձնում 95 տոկոսից ավելի բնակչությանը:
Անդրադառնալով ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությանը` նախարարը նշեց, որ Հայաստանում 80 տոկոսից ավելի մահացությունները պայմանավորված են երեք հիմնական հիվանդություններով` սիրտ-անոթային, ուռուցքային, շաքարային դիաբետ:
«Այս հիվանդությունները հաղթահարելն անհնար է առանց հանրային աջակցության»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Նախարարը խոսեց նաև առողջ ապրելակերպից. «Չնայած այն բանին, որ երկրում 2004-ից ի վեր ծխելու դեմ պայքար է ընթանում, Հայաստանում տղամարդկանց մոտ 55, դեռահասների` 8-9-ը և կանանց 2-3 տոկոս շարունակում են ծխել, ինչն անընդունելի է: Բացի այդ, բնակչության մոտ 49 տոկոսն ավելորդ քաշի խնդիր ունի: Եւ այս ամենը հաշվի առնելով՝ մենք պարտավորություն ենք ստանձնում պետական ռեսուրսներով այդ մարդկանց առողջությունը վերականգնել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա