Առողջությունը բացարձակ արժեք է ամենուր, և դրա պահպանման համար պետք է մեկտեղենք ջանքերը. Հովիկ Աբրահամյան
Երևանում այսօր մեկնարկեց «Հանրային առողջության նոր մարտահրավերներ» խորագրով միջազգային նախարարական համաժողովը, որի նպատակն է վերլուծել հանրային առողջության խնդիրները և մշակել դրանց լուծման համընդհանուր մոտեցումները, քննարկումների և գիտական ելույթների միջոցով բարձրացնել հանրային առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները և մարտահրավերները, մոտեցնել տարբեր երկրների դիրքորոշումները և հանդես գալ համատեղ հայտարարությամբ:
Ինչպես համաժողովի բացմանը նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անկախ տնտեսական զարգացվածության աստիճանից` ցանկացած երկրի իշխանությունների առաջնահերթ խնդիրներից է բնակչության առողջության պահպանումը:
«Հանրային առողջապահությունը հռչակելով որպես գերակայություն` ՀՀ կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ: Այդ ծրագրերը համահունչ են ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն- 2020» համապարփակ ռազմավարության մոտեցումներին»,- ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը համաժողովում ներկայացրեց Հայաստանում հանրային առողջապահության ոլորտում ընդունված մի քանի ծրագրեր: Մասնավորապես, առանձնացրեց Իմունականխարգելման ազգային ծրագիրը, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ և տուբերկուլոզի պայքարի արդյունավետ միջոցառումները, որոնք մշապես բարձր գանահատականի են արժանանում միջազգային տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՀԿ-ի կողմից:
«Հաջողված ծրագրերից է նաև աղի պարտադիր յոդացումը, որի շնորհիվ բնակչության շրջանում զգալիորեն նվազել են յոդի անբավարարությամբ պայմանավորված առողջական խնդիրները»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրով առավել տարածված երեք ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերմանն ուղղված սքրինինգային համատեղ ծրագրին, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում երեք տարվա ընթացքում կստուգվի բնակչության խոցելի խմբերի 50-60 տոկոսը:
Ամփոփելով խոսքը՝ վարչապետն ասաց, որ մարդու առողջության մասին հոգ տանելը սահմաններ չի ճանաչում և դրա վկայությունը նաև այս համաժողովն է:
«Հանրահայտ ճշմարտություն է՝ առողջությունը բացարձակ արժեք է ամենուր, և դրա պահպանման համար պետք է մեկտեղենք մեր ջանքերը»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանում հանրային առողջության պահպանման նպատակով կառավարությունը հնարավորությունների սահմաններում տարեցտարի ավելացնում է ոլորտի ֆինանսավորումը:
Նա նաև ողջունեց նախարարների համատեղ հայտարարությամբ հանդես գալու պատրաստակամությունը՝ վստահություն հայտնելով, որ ստորագրված փաստաթուղթը լուրջ դերակատարություն կունենա մեր երկրներում մարդկանց առողջության պահպանման, հետևաբար՝ առողջապահական կարևոր ցուցանիշների բարելավվման գործում:
Նշենք, որ «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրավերով Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմի, Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոյի, Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի, Ղազախստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի տեղակալ Ելժան Բիրտանովի գլխավորած պատվիրակությունները:
Տարբեր երկրներից ժամանած մասնագետների քննարկման առանցքում առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, ալկոհոլի, ծխախոտի դեմ պայքարին ուղղված, ինչպես նաև այլ կարևոր հիմնահարցեր են:
Համաժողովի շրջանակներում մասնակից երկրների պատվիրակները հանրային առողջության պահպանման ոլորտում կստորագրեն համատեղ հայատարարություն առ այն, որ հանրային առողջությունն ազգային անվտանգության ապահովման համար ոչ միայն առաջնահերթ գործոն է, այլև հասարակության արդյունավետ գործունեության, սոցիալ-տնտեսական քաղաքականության չափանիշ: Փաստաթուղթն առկա խնդիրները հաղթահարելու նպատակով հաստատում է միջտարածքային, միջպետական համագործակցության անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա