Վերջին 3 տարիների ընթացքում Բելառուսում մայրական մահացության որևէ դեպք չի գրանցվել. Վասիլի Ժարկո
Երևանում այսօր տեղի ունեցավ «Հանրային առողջության նոր մարտահրավերներ» խորագրով միջազգային նախարարական համաժողովը, որի նպատակն է վերլուծել հանրային առողջության խնդիրները և մշակել դրանց լուծման համընդհանուր մոտեցումները:
Համաժողովին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմի, Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոյի, Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի, Ղազախստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի տեղակալ Ելժան Բիրտանովի գլխավորած պատվիրակությունները: Բացի այդ, Հայաստան է ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակի քաղաքականության վարչության պետ Պիրոժկա Օստլինը:
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան լրագրողների հետ զրույցում ներկայացնելով Ռուսաստանում հանրության առողջության պահպանման ոլորտում իրականացվող ծրագրերը՝ նշեց, որ ծրագրերը կարելի է երեք խմբի բաժանել:
Դրանցից առաջինը վերաբերում է առողջ ապրելակերպին, ծխելու և ալկոհոլի դեմ պայքարին, ինչպես նաև իրականացվում են աղի, շաքարի և մարդու առողջության համար վնասակար որոշ այլ մթերքների օգտագործման սահմանափակմանն ուղղված միջոցառումներ:
Ծրագրերի երկրորդ խումբը սկրինինգներն են: Վերոնիկա Սկվորցովան նշեց, որ 2013 թվականից Ռուսաստանում ներդրվել են մասշտաբային սկրինինգներ, որոնք անվճար են հանրության համար։ «Երեխաները կարող ն անվճար հետազոտվել տարին մեկ անգամ, իսկ տարեցները` 3 տարին մեկ։ Այդ ծրագրերը մեզ հնարավորություն տվեցին ախտորոշել օնկոլոգիական հիվանդությունները, մասնավորապես 72 տոկոսում ի հայտ բերել ուռուցքային հիվանդություններ վաղ փուլերում, ինչպես նաև վերհանել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնները, վերահսկել դրանք և անվճար դիսպանսեր վերահսկողություն տրամադրել»,- ասաց ՌԴ առողջապահության նախարարը:
Ծրագրերի երրորդ խումբն արդյունավետ բժշկական օգնություն տրամադրելու հնարավորությունն է այն դեպքում, երբ մարդն ուղեղի, սրտի կաթված է տարել կամ այլ խնդիր ունի: Այդ նպատակով Ռուսաստանում եռաստիճան համակարգ է ստեղծվել, որը դրական արդյունքներ է տվել և շարունակում է զարգանալ:
Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոն էլ նշեց, որ Բելառուսում ժողովրդագրական անվտանգության պետական ծրագիր է իրականացվում, որը ներառում է տուբերկուլյոզի, ՄԻԱՎ-ի, խմելու և հարբեցողության դեմ պայքարի ծրագրեր: Իրականացվում են նաև ծրագրեր սրտաբանության ոլորտում: «Հանրային առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերն օգնում են ապահովել բնակչության բնական աճը»,- ասաց նախարարը:
Ըստ նրա՝ վերջին 3 տարիների ընթացքում Բելառուսում մայրական մահացության որևէ դեպք չի գրանցվել։ «Մենք հպարտանում ենք դրանով ու մեր հիմնական նպատակն է` պահպանել արդյունքները»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այս տարի Բելառուսում նաև գրիպի համաճարակ չի գրանցվել. «Մենք հանգիստ ապրեցինք։ Բնակչության մեծ մասը՝ 95-97 տոկոսը պատվաստվել էր»:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի բնակչության 98 տոկոսն ունի առողջապահության ապահովագրություն. Հասան Հաշեմ
- Առողջությունը պետք է գնահատել առողջության պահին, ոչ թե հիվանդության. Արմեն Մուրադյան
- Առողջությունը բացարձակ արժեք է ամենուր, և դրա պահպանման համար պետք է մեկտեղենք ջանքերը. Հովիկ Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա