Ստեղծված բարոյահոգեբանական ծանր իրավիճակը կարող է վերացվել ԸՕ կատարելագործմամբ. պատգամավոր
«Մեր ժողովրդի ամենամեծ պրոբլեմն այսօրվա բարոյահոգեբանական վիճակն է, հույսի, սեփական կարևորության բացակայությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Ըստ նրա, ժողովուրդն իր սահմանադրական իրավունքն իրացնելու հնարավորությունից զուրկ է, ընտրությունների վերջնական արդյունքը ժողովրդի ձայնից կախված չէ:
«Ընտրությունից ընտրություն ժողովուրդը կանգնում է կոտրված տաշտակի առաջ, քանի որ իր ձայնն ընտրությունների վերջնական արդյունքների վրա չի ազդում»,- ասաց Լ.Սարգսյանը:
Պատգամավորի խոսքով, ստեղծված բարոյահոգեբանական ծանր իրավիճակը կարող է վերացվել Ընտրական օրենսգրքի կատարելագործմամբ:
«Ընդդիմությունը տարիներ շարունակ փորձել է ինչ-որ ձևով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնել, փորձել է փոփոխություններ իրականացնել և ընտրությունները դարձնել ավելի թափանցիկ: Այն գործիքակազմը, որն ունենք այսօրվա Ընտրական օրենսգրքում, չի ծառայում այդ նպատակին, այդ գործիքակազմն օգտագործվում է տարբեր նպատակներով»,-ասաց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուրը պետք է աշխատի, փորձի ամեն կերպ ազդել, որ Ընտրական նոր օրենսգիրքը լինի լիարժեք:
Լ.Սարգսյանի խոսքով, ընդդիմությունը բազմաթիվ առաջարկություններով է հանդես եկել, սակայն դեռևս պարզ չէ, թե այդ առաջարկություններից որոնք են ընդգրկվել Ընտրական նոր օրենսգրքի նախագծում:
Պատգամավորն անընդունելի համարեց Ընտրական օրենսգրքի նախագիծն առանց քաղաքական ուժերի հետ քննարկելու Վենետիկի հանձնաժողով ուղարկելը:
«Ոտնահարվել է քաղաքական ուժերի, ժողովրդի շահերը, քանի որ նրանց տեսակետն անտեսվել է: Լրջագույն փաստաթուղթ է, որի վրա պետք է աշխատեն բոլոր քաղաքական ուժերը»,- ասաց Լ. Սարգայանը՝ մտավախություն հայտնելով, որ այսպես այն Ազգային ժողով մտնելուց հետո արագ տեմպերով կընդունվի, երկար ժամանակ չի տրվի քննարկելու համար:
Նրա կարծիքով, եթե Ընտրական նոր օրենսգրքում ընդգրկված լինեն ընդդիմության առաջարկությունները՝ ցուցակների մաքրում, էլեկտրոնային գրանցում և քվեարկություն, ընտրատեղամասերում ցուցակների տեղադրում, իշխանությունն առիթ չի ունենա այլևս ասելու, որ ընդդիմությունը կգտնի մի բան ու կրկին կհայտարարի, որ ընտրությունները կեղծվել են:
«Մենք այսօր մտել ենք մի փուլ և պարտավոր ենք քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու երաշխիքներ ապահովել Ընտրական նոր օրենսգրքով»,- ասաց Լ.Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան