Հենրիխ Մխիթարյան. «Բորուսիայում» իմ ապագան կախված չէ Հումմելսի ու Գյունդողանի որոշումներից»
Դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրխ Մխիթարյանը մյունխենյան «Բավարիային» անպարտելի չի համարում: Այդ թիմերը մարտի 5-ին կհանդիպեն Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում:
«Եթե ճիշտ եմ տեղեկացված, «Բավարիան» ընթացիկ մրցաշրջանում պարտվել է ինչպես Բունդեսլիգայում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում: Մենք հարգում ենք «Բավարիային», սակայն գիտենք, որ ի վիճակի ենք հաղթել նրան: Եվ մենք դա հաճախ ենք արել»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է «Sport Bild»-ը:
Ինչ վերաբերում է «Բորուսիայի» հետ պայմանագրի երկարաձգմանը, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը շեշտել է, որ իր որոշումը կախված չէ այն բանից, թե իրենց ապագայի հարցում ինչպես կկողմնորոշվեն Մաթս Հումմելսն ու Իլկայ Գյունդողանը:
«Բնականաբար, նրանք շատ ուժեղ ֆուտբոլիստներ են, սակայն իմ որոշումները կախված չեն մյուս խաղացողների որոշումներից»: