Էկոզբոսաշրջային առաջին փառատոնը կանցկացվի հունիսին
Հունիսի 4-ին և 5-ին Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում առաջին անգամ կանցկացվի Էկոզբոսաշրջային փառատոն, որի նպատակն է նպաստել էկոզբոսաշրության զարգացմանը համայնքներում, ինչպես նաև բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի կազմակերպիչ «Ջերմուկի զարգացման կենտրոն» հկ-ի նախագահ Վազգեն Գալստյանը:
«Փորձել ենք այս փառատոնի միջոցով մեկ միասնական տարածք ստեղծել էկոմշակույթի և տուրիզմով զբաղվողների համար: Առաջին փառատոնի միջոցով աջակցելու ենք տեղական բիզնեսին: Իսկ այս տարվա գլխավոր նպատակն է աջակցել համայնքների զարգացմանը: Ծրագրում նախատեսվում է տեղական սննդի վաճառք, էկոզբոսաշրջային ծառայությունների ցուցահանդես, մրցույթներ, էկոերթուղիներով քայլարշավ և ձիարշավ»,-նշեց Վազգեն Գալստյանը:
Նա նաև հայտնեց, որ փառատոնի անցկացման համար նշված գյուղերում երկու տարի աշխատանք է տարվել:
Փառատոնի կազմակերպիչ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հկ-ի փոխնախագահ Սարգիս Աղայանն էլ ասաց, որ ակտիվորեն համագործակցում են թե պետական կառույցների, թե մասնավոր սեկտորի հետ. «Բաց ենք համագործակցության համար: 20-30 տաղավարներ են լինելու այդ համայնքներում, որտեղ ներկայացված են կլինեն թե տեղի բնակչության արտադրանքը, թե տուրիստական և այլ պետական ընկերությունների ծառայությունները»:
Նա ընդգծեց, որ փառատոնի շնորհիվ տուրիստն անմիջական շփման մեջ է գտնվելու համայնքի բնակչի հետ, ում համար սա գյուղատնտեսական մթերքը սպառելու շուկա է նաև:
«Փառատոնին գալու են ամենաքիչը 500 մասնակից, որոնց ապահովվելու են տրանսպորտով, վրաններով: Ծրագրի արժեքը կազմում է մոտ 4 մլն դրամ: Իսկ ստացված հասույթը կներդրվի համայնքի զարգացման համար»,-հավելեց Սարգիս Աղայանը՝ շեշտելով, որ փառատոնը շարունակական է լինելու նաև մյուս համայնքներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան