Հանրային առողջությունը գերակայություն է. նախարարն ամփոփել է համաժողովի առաջին օրը
«Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովը շարունակում է աշխատանքները: Երկրորդ օրը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հանրապետության առաջատար մասնագետները, առողջապահության կազմակերպիչները, բժշկական հաստատությունների ղեկավարները քննարկեցին առողջապահական համակարգի տարբեր ոլորտներին վերաբերող արդիական հարցեր:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն, ամփոփելով միջազգային համաժողովի առաջին օրվա արդյունքները, նշել է, որ բավականաչափ արդյունավետ քննարկումների արդյունքում ուրվագծվել են հանրային առողջապահության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները: Նախարարն ընդգծել է, որ մասնակից վեց երկրները, համաժողովի պատվիրակները միակարծիք են այն հարցում, որ հանրային առողջությունը գերակայություն է: Հայաստանը, Իրանը, Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը շարունակելու են համախմբել ջանքերն ալկոհոլի, ծխախոտի դեմ պայքարում` կարևորելով առողջ ապրելակերպի, ճիշտ սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Արմեն Մուրադյանն իր ելույթում անդրադարձել է նաև մեր երկրի առողջապահության ոլորտում արձանագրված հաջողություններին: Նրա խոսքով` իմունակախարգելման ծրագրի բարձր` գրեթե 95 տոկոս ծածկույթով ցուցանիշի ապահովումը դեռևս երաշխիք չէ, որ նոր վարակները չեն կարող խնդիր հանդիսանալ:
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանում նման համաժողով անցկացնելն առաջին քայլն էր մասնակից երկրների համար համագործակցության հիմնական ուղղությունների հստակեցման, հետագա աշխատանքների շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման համար:
Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոն էլ ասել է, որ չնայած առողջապահության ոլորտում առկա տարբեր ենթակառուցվածքներին և մոտեցումներին, իրենք պատրաստ են համագործակցել գլոբալ խնդիրների լուծման գործում:
Համաժողովի շրջանակում ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ներկայացրել է «Երկրի պատկերը թվերով» զեկույցը` անդրադառնալով Հայաստանի առողջապահական կարևոր ցուցանիշներին:
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի զեկույցը նվիրված էր Հայաստանում հիվանդությունների կանխարգելմանը և վերահսկմանն ուղղված աշխատանքների իրականացմանը: Հայաստանում հանրային առողջապահության զարգացման մի քանի կարևոր ուղղությունների մասին խոսել է նաև ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Համատեղ հայտարարություն առողջության պահպանման ոլորտում
- Վերջին 3 տարիների ընթացքում Բելառուսում մայրական մահացության որևէ դեպք չի գրանցվել. Վասիլի Ժարկո
- Իրանի բնակչության 98 տոկոսն ունի առողջապահության ապահովագրություն. Հասան Հաշեմ
- Առողջությունը պետք է գնահատել առողջության պահին, ոչ թե հիվանդության. Արմեն Մուրադյան
- Առողջությունը բացարձակ արժեք է ամենուր, և դրա պահպանման համար պետք է մեկտեղենք ջանքերը. Հովիկ Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա