Առկա է մեծ ներուժ՝ հայ-եգիպտական կապերը սերտացնելու և ընդլայնելու համար. վարչապետ
Վերջին տարիներին երկու բարեկամ երկրների փոխհարաբերություններն ակտիվ զարգանում են, և առկա է մեծ ներուժ՝ հայ-եգիպտական կապերը սերտացնելու և ընդլայնելու համար: Այս մասին նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունելով ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դեսպան Մաաթին էլ նշել է, որ պատվով է ստանձնում Հայաստանի և Եգիպտոսի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հանձնառությունը և պաշտոնավարման ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը՝ փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:
Անդրադառնալով հայ-եգիպտական փոխգործակցության խորացման հեռանկարներին՝ զրուցակիցները կարևորել են բարձրաստիճան փոխայցերը, քաղաքական ակտիվ երկխոսությունը, միջկառավարական և միջխորհրդարանական ձևաչափերով հաճախակի շփումներն ու փոխգործակցությունը: Երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման համատեքստում վարչապետը և Եգիպտոսի դեսպանն ընդգծել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության կարևորությունը և քննարկել ընթացիկ տարում հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանը վերաբերող մանրամասներ:
Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում պաշտոնավարման ընթացքում դեսպան Մաաթին իր նպաստը կբերի երկու երկրների միջև համագործակցության առավել զարգացմանն ու ընդլայնմանը: