Արցախի գյուղերի զարգացման հեռանկարը մենք մեծապես կապում ենք այգեգործության հետ. Արայիկ Հարությունյան
Գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար աստիճանաբար ստեղծվելու են առավել բարենպաստ պայմաններ, որի նպատակով կառավարությունը ձեռնամուխ է լինում գյուղատնտեսական նոր ծրագրերի մեկնարկին: Այս մասին նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն՝ այսօր Մարտունու շրջանի Խնուշինակի, Գիշու և Սպիտակաշենի համայնքապետների՝ 2015թ. տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամանակ:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ գործադիր մարմնի ղեկավարի խոսքով՝ այս ոլորտում հաջողության հասնելու համար վարչապետը հորդորել է գյուղացիներին իրականացնել ցանքաշրջանառություն և զարկ տալ անասնապահությանն ու այգեգործությանը:
Համայնքների ղեկավարները, ներկայացնելով անցած տարվա գործունեության արդյունքները, ընդգծել են համայնքային նշանակության ձեռքբերումները և խնդիրները: Բոլոր համայնքներում համընդհանուր ջանքերով իրականացվել են գյուղամերձ տարածքների մաքրման, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման ու սալիկապատման աշխատանքներ: Համայնքապետները ներկայացրել են գյուղերի ժողովրդագրական և զբաղվածության նկարագրերը, ենթակառուցվածքների վիճակը, որոնց բարելավման ուղղությամբ շարունակվում են աշխատանքներ տարվել համայնքային, պետական և բարեգործական միջոցներով:
«Արցախի գյուղերի զարգացման հեռանկարը մենք մեծապես կապում ենք այգեգործության հետ, քանի որ երկարաժամկետ կտրվածքում տեսանելի է մրգերի մեծ պահանջարկ տեղական և արտաքին շուկաներում: Կառավարությունը նոր գործիքներ է մշակել այգեգործության խթանման նպատակով, որոնց շրջանակներում իրականացնում ենք տնկիների պահանջվող տեսակների գնման և քաղաքացիներին անվճար տրամադրման ծրագիր՝ դրանք խնամքով մշակելու պայմանով: Ձեզնից ակնկալում ենք նախաձեռնողականություն ցուցաբերել թե՛ տնկիների պատրաստման, թե՛ այգիներ հիմնելու գործում: Անհրաժեշտության դեպքում, կառավարությունը այգեգործներին կաջակցի նաև մասնագիտական խորհրդատվության տրամադրման և ոռոգման համակարգերի ներդրման հարցում»,- նշել է վարչապետը: