Բիլ Գեյթսը կրկին գլխավորում է աշխարհի միլիարդատերերի ցուցակը
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը հերթական անգամ աշխարհի ամենահարուստ մարդն է ճանաչվել՝ գլխավորելով ամերիկյան Forbes ամսագրի վարկածով միլիարդատերերի գլոբալ վարկանիշը: Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է 75 միլիարդ դոլար: Forbes-ը հրապարակել է աշխարհի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը:
Մեկ տարվա ընթացքում 60-ամյա Գեյթսի կարողությունը կրճատվել է 4.2 մլրդ դոլարով, սակայն դա նրան չի խանգարել երրորդ անգամ անընդմեջ գլխավորել միլիարդատերերի վարկանիշը: Վերջին 22 տարիներին Գեյթսն ամենահարուստ մարդ է ճանաչվել 17 անգամ:
Ըստ Forbes-ի՝ երկրորդ տեղում 79-ամյա իսպանացի միլիարդատեր Ամանսիո Օրտեգան է: Inditex ընկերության հիմնադրի (Zara, Massimo Dutti հագուստի ապրանքանիշեր) կարողությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 0.5 մլրդ դոլարով՝ հասնելով 64.5 մլրդ-ի:
Աշխարհի հարուստ մարդկանց եռյակը ինչպես նախորդ տարի, այս տարի ևս եզրափակում է 85-ամյա ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը: Սակայն պետք է նշել, որ նախորդ տարին այնքան էլ հաջող չի եղել Berkshire Hathaway ներդրումային կայսրության ղեկավարի համար. նրա կարողությունը կրճատվել է 11.9 մլրդ դոլարով՝ կազմելով 60.8 մլրդ:
Հեռահաղորդակցության ոլորտի մագնատ մեքսիկացի Կառլոս Սլիմ Հելուն այս անգամ զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: 76-ամյա Սլիմի կարողությունը մեկ տարվա ընթացքում ռեկորդային՝ 27,1 մլրդ դոլարի անկում է ապրել և այժմ կազմում է 50 մլրդ դոլար:
Forbes-ի վարկանիշային աղյուսակում հինգերորդ հորիզոնականում հայտնվել է Amazon-ի գլխավոր տնօրեն 52-ամյա Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը մեկ տարում ավելացել է 10,4 մլրդ դոլարով՝ կազմելով 45,2 մլրդ դոլար:
Facebook սոցցանցի հիմնադիր 31-ամյա Մարկ Ցուկերբերգը մեկ տարում իր կարողությունը ավելացրել է 11,2 մլրդ դոլարով՝ հասցնելով 44,6 մլրդ դոլարի. այսօր նա Forbes-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
Նշենք, որ Forbes-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկված է 4 հայ գործարար։
Սերգեյ Գալիցկինը (Հարությունյան), որի կարողությունը գնահատվում է 5,7 մլրդ դոլար: Նա «Մագնիտ» ցանցի, ինչպես նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է:
Երկրորդ հայ միլիարդատերը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է՝ 3,1 մլրդ կարողությամբ։
Նրան հաջորդում է արգենտինահայ գործարար, «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը, որի կարողությունը գնահատվում է 2,2 մլրդ դոլար:
Forbes-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ղեկավար Դանիլ Խաչատուրովը՝ 1.4 մլրդ դոլար կարողությամբ: