Պոլսահայ լրագրողը Անկարայի քաղաքապետին «հայ» անվանելու համար տուգանք կվճարի
Անկարայի վերաքննիչ դատարանը պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատին մեղավոր է ճանաչել Անկարայի քաղաքապետ Մելիք Գյոքչեքի հասցեին «Twitter» սոցցանցում կատարած գրառման համար:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ` Բաղդատը որպես բարոյական վնասի փոխհատուցում պարտավոր կլինի Անկարայի քաղաքապետին վճարել 2500 թուրքական լիրա: Նշվում է, որ վերոնշյալ դատական գործը բացվել էր «զրպարտություն և վիրավորանք» հասցնելու մեղադրանքի հիման վրա:
Բաղդատի փաստաբան Չաղրը Ալքանը, մեկնաբանելով դատարանի որոշումը, ասել է. «Իմ պաշտպանյալի խոսքերը զուտ քննադատական բնույթի են եղել: Դատարանը պետք է բեկանի այդ որոշումը»:
Մեղադրող կողմը պահանջել էր 10.000 լիրայի փոխհատուցում:
Աղբյուրը հիշեցնում է, որ Գյոքչեքը Հայկո Բաղդատի դեմ բողոք էր ներկայացրել դատարան, քանի որ վերջինս իրեն հայ էր անվանել, իսկ Գյոքչեքն էլ դա ընդունել է իբրև վիրավորանք: