Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս ամսվա ընթացքում ծրագրել է չորս համերգ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս ամսվա իր համերգները սկսում է Բրամսի ստեղծագործությունների ներկայացմամբ: Նվագախմբի մամուլի ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ այսօրվա համերգին հնչելու է Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար և Սիմֆոնիա թիվ 1-ը: Համերգին ելույթ են ունենալու լեհ ջութակահար Տոմաշ Տոմաշևսկին և գերմանացի թավջութակահար Արթուր Հորնիգը, ով հանդես է գալիս Բեռլինի, Բոննի, Գիսսենի, Հայդելբերգի նվագախմբերի հետ: 29-ամյա երաժիշտը նվագում է Ժան-Բատիստ Վիլյոմի 1867թ. կերտած թավջութակով: Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգը ղեկավարելու է Էդուարդ Թոփչյանը:
Մարտի 11-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարելու է իտալացի դիրիժոր Ալդո Սիսիլլոն: Գերմանացի դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը, ով Հայաստանում առաջին անգամ եղել է 2014-ին, այս անգամ հայ հանդիսատեսի համար նվագելու է Սեն-Սանսի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2-ը: Համերգին հնչելու է նաև Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան:
Մարտի 29-ին և 31-ին նախատեսված է Ջակոմո Պուչինիի ամենահայտնի օպերաներից մեկի՝ «Լա Բոհեմ» օպերայի համերգային կատարման պրեմիերան: Կմասնակցեն լավագույն հայ վոկալիստներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Հովհաննես Այվազյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Գուրգեն Բավեյանը (բարիտոն), Ռուզան Մանթաշյան (սոպրանո), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան (բաս): Կմասնակցեն նաև «Հովեր» պետական կամերային և Ձայնի պահպանման վոկալ -երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերը: Համերգները ղեկավարելու է Էդուարդ Թոփչյանը: