Նախարարը հորդորել է մինչև ապրիլի 1-ն ավարտել մթերված խաղողի դիմաց վճարումների կատարումը
Անցած տարի լուրջ խնդիրներ առաջացան մթերումների հետ կապված, և մենք պետք է ջանքեր գործադրենք այս տարի դրանցից խուսափելու համար: Խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ առաջին հերթին վերամշակող ընկերությունների և գյուղացիական տնտեսությունների միջև պայմանագրերի կնքման միջոցով պետք է հստակեցնել կողմերի պարտավորությունները, մասնավորապես` վճարումների պայմաններն ու ժամկետները:
Անդրադառնալով նախորդ տարում խաղողի մթերումների հարցում ծագած խնդիրներին` նախարարը նշել է, որ կառավարությունը հաշվի առնելով, որ ընկերությունները շրջանառու միջոցների խնդիրներ ունեին, մատչելի վարկեր է տրամադրել նրանց:
Նրա խոսքով, մի շարք ընկերություններ օգտվեցին այդ հնարավորությունից, և այժմ էլ պետությունը պատրաստ է օժանդակել բոլոր այն ընկերություններին, որոնք համապատասխան գրավի առարկա կարող են ներկայացնել:
Ընդգծելով, որ այժմ առաջնահերթ է վճարումների իրականացման հարցը` հատկապես հաշվի առնելով այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքների սովորականից ավելի վաղ սկսվելու հանգամանքը, նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին մինչև ապրիլի 1-ն ավարտին հասցնել մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին վճարումների կատարումը:
Նախարարը նշել է, որ այս տարվա ընթացքում որոշ հնդկական ընկերություններ նախատեսում են այցելել Հայաստան, և նախարարությունը նաև կնախաձեռնի հայկական ընկերությունների հետ գործարար հանդիպումների կազմակերպումը:
Հարակից հրապարակումներ`
- Տափերականցիները պահանջում են վճարել մթերած խաղողի դիմաց
- Լուսառատցիները պահանջում են վճարել մթերած խաղողի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան