The Telegraph. Երևանը Եվրոպայի 16 հնագույն քաղաքներից է
Եթե աշխարհի հնագույն քաղաքներից շատերը տեղակայված են Մերձավոր Արևելքում և այսօրվա դրությամբ այնքան էլ բաց չեն զբոսաշրջիկների համար, ապա Եվրոպայի մի քանի հնագույն քաղաքներ ավելի քան բաց են ճամփորդներին ընդունելու համար: Անդրադառնալով Եվրոպայի 16 հնագույն քաղաքներին՝ գրում է «Тhe Telegraph» պարբերականը:
Պարբերականը որպես Եվրոպա մայրցամաքի հնագույն 16 քաղաքներից մեկը ներկայացնում է Երևանը:
«Հռոմի հիմնադրումից 30 տարի առաջ Հայաստանի ներկա մայրաքաղաքն Ասիայից դեպի Եվրոպա ընկած ճանապարհին կարևոր առևտրային կանգառ է եղել։ Այն ենթարկվել է հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի, իսկ ավելի ուշ` 1920թ.-ին, խորհրդային Կարմիր բանակի ներխուժումներին»,- գրում է պարբերականը:
Շարունակելով անդրադարձը՝ պարբերականը դիտարկում է անում, որ Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի մայրաքաղաք Երևանում նկատվեց մշակութային օջախների ավելացման միտում: «Тhe Telegraph»-ի գնահատմամբ, Երևանը ապշեցնող քանակությամբ թանգարանների տուն կարծես լինի: Նշվում է, որ Երևանում նաև հաստատուն կերպով զարգանում է զբոսաշրջությունը:
Հնագույն քաղաքների շարքում պարբերականը տարածաշրջանում Երևանից բացի անդրադառնում է նաև վրացական Մցխեթ ու Քութաիսի քաղաքներին:
Ցանկում են հայտնվել նաև այնպիսի եվրոպական քաղաքներ, ինչպիսիք են Կադիս (Իսպանիա), Աթենք (Հունաստան), Միթիլինի (Հունաստան), Լիսաբոն (Պորտուգալիա) , Խալկիս (Հունաստան), Լառնակա (Կիպրոս), Թեբե (Հունաստան), Տրիկալա (Հունաստան), Պատրա (Հունաստան), Խանյա (Կրետե), Արգոս (Հունաստան), Պլովդիվ (Բուլղարիա):
Պարբերականը հրապարակել է նաև Երևանի խորհրդանիշ հանդիսացող Հանրապետության հրապարակի լուսանկարը: