Ժողովրդագրական իրավիճակի բարելավում ենք ունենալու. Արտեմ Ասատրյան
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի և առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովներն այսօր լսումներ էին կազմակերպել «ՀՀ ժողովրդագրկան իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագրի և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը» թեմայով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով քննարկումը, նշեց, որ այն վերաբերում է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը և այս նախագծի ընդունումը կարող է հանրապետությունում առարկայական խնդիրներ լուծել:
Նրա խոսքերով՝ դեռևս 2009թ-ին ՀՀ կառավարությունն առաջին անգամ հաստատել է ժողովրդագրական իրավիճակի բարելավվման ռազմավարություն, դրանից հետո մշակվել են տարեկան ծրագրեր և այս ուղղությամբ համակարգված աշխատանք է իրականացվում. «Եւ պետական բյուջեով նախատեսված միջոցները, և ոչ բյուջետային միջոցներն ուղղվում են այս խնդիրների լուծմանը, սակայն պետք է ավելի համակարգված աշխատանք տանել: Այդ նպատակով մշակվել է այս նախագիծը, որը կառավարության հավանության արժանանալուց հետո արդեն իսկ կյանքի կկոչվի»:
Նախարարը առանձնացրեց մի քանի հիմնական խնդիրներ, որոնք ամրագրված են ծրագրում, մասնավորապես, բնակչության զբաղվածությունը, բնակարանային ապահովումը և հույս հայտնեց, որ համատեղ ուժերով կկարողանան ծրագիրը դարձնել այնպիսի փաստաթուղթ, որը գործնականում առարկայական խնդիրներ լուծելով բնակչության համար ավելի բարենպաստ իրավիճակ ապահովի:
«Պետք է հաշվի առնենք, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման խնդիրները երկարաժամկետ են, դրանք չեն կարող մեկ քայլով կամ մեկ միջոցառմամբ առարկայական արդյունքներ ապահովել, բայց օր առաջ պետք է ներդնենք այն կառուցակարգերը, որոնք իրավիճակի բարելավմանն ուղղված առարկայական միջոցառումներ են նախատեսելու և ամենակարևորը համախմբելու են բոլորիս ջանքերը»,-նշեց նախարարը։
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ-ի ազգային ծրագրի նպատակն է՝ ժողովրդագրական իրավիճակի համակողմանի գնահատման և իրականացվող նպատակային միջոցառումների շնորհիվ ժողովրդագրական բացասական զարգացումների հետևանքները մեղմել, իրավիճակի կայունացման ու բարելավման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին