Լևոն Զուրաբյանի բոլոր առաջարկությունները ԸՕ-ի վերաբերյալ քննարկման առարկա կդառնան. Հովհաննես Սահակյան
Կառավարության կողմից մարտի 3-ին հաստատված և Ազգային ժողով ուղարկված Ընտրական նոր օրենսգրքի շուրջ բուռն քննարկումներ են սպասվում: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Նրա ղեկավարած հանձնաժողովն արդեն իսկ սահմանել է ԸՕ նախագծի քննարկումների ընթացակարգ:
«Մինչև առաջին ընթերցումը մենք նախատեսում ենք անցկացնել ակտիվ քննարկումներ՝ մեծ դերակատարում և մասնակցություն ապահովելով քաղաքացիական հասարակությանը: Հավանաբար, մարտի 22-ին նախատեսում ենք կազմակերպել խորհրդարանական լայն լսումներ, բայց մինչ այդ, մարտի 18-ին, խորհրդարանական քաղաքական ուժերի ու գրավոր առաջարկությամբ հանդես եկած կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,-տեղեկացրեց Սահակյանը:
Պատգամավորի ներկայացմամբ, աշխատանքային քննարկումներ կլինեն նաև արմատական լայն առաջարկություններով հանդես եկած կազմակերպությունների հետ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ:
«Բոլոր կազմակերպությունների, շահագրգիռ անձանց ձայնը կարծում եմ, լսելի կդառնա ու նրանց տեսակետն անպայման քննարկման առարկա կդառնա: Այս բոլոր միջոցառումներն անց ենք կացնելու բաց, հրապարակային, թափանցիկ: Չկա որևէ մի դրույթ, որը քննարկման առարկա չէ ու փոփոխման ենթակա չէ», -հավելեց Սահակյանը՝ ընդգծելով, որ մինչև քննարկումներ չլինեն նախագիծը չի ներկայացվի ԱԺ լիագումար նիստի օրակարգ:
Անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի մտահոգություններին, թե իրենց առաջարկներն այդպես էլ չեն ընդունվել Ընտրական նոր օրենսգրքում, Սահակյանը արձագանքեց. «Պետք է հույս տամ իմ գործընկերոջը, որ իր առաջարկությունները ներկայացնելու իսկական ժամանակը, պատեհ առիթը ստեղծվել է: Ես ամեն ինչ անելու եմ, որ Լևոն Զուրաբյանի բոլոր առաջարկությունները քննարկման առարկա դառնան: Հետևաբար, հորդորում եմ նրան իր առաջարկություններով անպայման մասնակցել քննարկումներին»:
Հարցին, երաշխավորում է, որ միայն քննարկման առարկա՞ կդառնան, թե նաև կընդունվեն Զուրաբյանի առաջարկությունները, Սահակյանը պատասխանեց. «Ընդունելը քննարկումներից է կախված. եթե Զուրաբյանի առաջարկները կլինեն համոզիչ, կլինեն կառուցողական ու միտված կլինեն էլ ավելի լավ Ընտրական օրենսգիրք ունենալուն, բնականաբար, մենք կընդունենք: Մենք բարդույթներ այդ առումով չունենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան