Եթե այսօր չձևավորվեն մոտեցումներ, մինչև 2035-ը ծնունդների թիվը կրկնակի կնվազի. Արմեն Մուրադյան
«Ծնելիության ցուցանիշով Հայաստանն այսօր շատ առաջ է անգամ զարգացած երկրներից, մենք ունենք բնական աճ: Սակայն միտումները, որոնք գրանցվում են Հայաստանում՝ վկայում են, որ եթե չձևավորվեն համապատասխան մոտեցումներ, ապա մինչև 2035 թվականը ծնունդների թիվը կրկնակի կնվազի»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարը՝ այսօր «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ-ի ազգային ծրագրի» վերաբերյալ ԱԺ սոցիալական հարցերի, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովների հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ:
Նախարարի խոսքով՝ Հայաստանում վերջին տարիներին նվազել է ծնելիությունը. եթե 1990-ականներին ծնվել է 80 հազար երեխա, այս պահին գրանցվում է 42-43 հազար երեխայի ծնունդ. «Իհարկե, այս ցուցանիշը որոշ չափով հույս է ներշնչում, երբ տեսնում ենք, թե ինչ դինամիկա էր արձանագրվել 1990-ից մինչև 2000 թթ-ը: Օրինակ՝ 2000-ին գրանցվել է 30-31 հազար ծնունդ»:
Որոշ գնահատականներով, ըստ նրա, 2035 թվականին մայրական հիմնական ներուժը նվազելու է, քանի որ 1990-ականների սկզբին ծնված 80 հազար երեխաներից 40 հազար աղջիկներին, ովքեր հիմա 26 տարեկան են, գալու է փոխարինելու աղջիկների 15-հազարանոց բանակը, քանի որ 2000-ականներին ծնված երեխաները 30 հազար էին, ստացվում է` մայրանալու պատրաստ աղջիկների թիվը կլինի 15 հազար:
«Սա մտահոգիչ է, քանի որ այսօր վերարտադրողական տարիքում գտնվող մեկ կնոջ հաշվարկով 1,6-1,7 երեխա է ծնվում, մինչդեռ վերարտադրողականության գործակիցը յուրաքանչյուր երկրում պետք է լինի առնվազն 2,2»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Այս խնդիրների լուծման համար նախարարն առաջարկում է, առաջին հերթին, վերհանել պատճառները, կարիքները, քանի որ յուրաքանչյուր խնդրի լուծում սկսվում է կարիքների գնահատումից:
Նրա խոսքերով՝ այսօր ծննդօգնության ոլորտը ծախսում է 8.5 միլիարդ դրամ` ապահովելով 43 հազար ծնունդ. «Այժմ ծրագրով նախատեսվում է ծննդօգնության համար հատկացնել 14 միլիարդ դրամ և տպավորություն է ստեղծվել, թե ապահովելու ենք 1300 երեխայով ավելի ծնունդ, բայց կարիքները ճիշտ գնահատելու դեպքում, կտեսնենք, թե այն ինչ ազդեցություն կունենա ոլորտի վրա»:
Ինչ վերաբերում է անպտղությանը, ապա նախարարի խոսքերով, սքրինինգային ծրագրի միջոցով այսօր փորձում են հաղթահարել դեռահաս աղջիկների անպտղության խնդիրները:
«Մենք դիսպանսերիզացիայի ենք ենթարկում 15 տարեկան աղջնակներին, որ օժանդակենք հետագայում նրանց մայրանալու կարողությանը: Մինչդեռ այսօր մեկ անձին հատկացվող 3000 դրամով չենք կարողանալու այդ ծրագիրն իրականացնել, այն պարզապես լինելու է ծրագիր: Իսկ մեր հարևան երկրները 4 անգամ ավելի գումար են ծախսում միայն այդ ծրագրի վրա, որպեսզի դեռահաս աղջիկների համար սկրինինգային ծրագրեր իրականացնեն: Ավելին՝ հիվանդությունն ի հայտ գալու դեպքում դրանց բուժման ծրագրեր չունենք: Սա նշանակում է, որ պետք է լրջագույնս վերանայենք մեր մոտեցումները ինչպես անպտղության, այնպես էլ հղիության վերաբերյալ»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ-ի ազգային ծրագրի նպատակն է՝ ժողովրդագրական իրավիճակի համակողմանի գնահատման և իրականացվող նպատակային միջոցառումների շնորհիվ ժողովրդագրական բացասական զարգացումների հետևանքները մեղմելը, իրավիճակի կայունացման ու բարելավման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելը: