Ես մշտապես ցանկացել եմ մենահամերգով հանդես գալ Հայաստանում. Նիկոլայ Բասկով
«Հաճելի է ելույթ ունենալ մի համերգասրահում, որտեղ հանդիսատեսները միայն կանայք են»,- Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախքան ելույթն ասաց ՌԴ ժողովրդական արտիստ Նիկոլայ Բասկովը, ով Հայաստանում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով:
Ռ.Սարգսյանը մարտի 8-ի առթիվ, ավանդույթի համաձայն, արդեն մի քանի տարի է յուրահատուկ անակնկալ է մատուցում հայ կանանց և աղջիկներին՝ հրավիրելով նրանց ներկա գտնվելու մշակութային միջոցառման
Տիկին Ռիտա Սարգսյանը համերգին հրավիրել էր մշակույթի, կրթության, գիտության, հասարակական-քաղաքական ոլորտում գործունեության ծավալող կանանց և աղջիկների:
«Ես մշտապես ցանկացել եմ մենահամերգով հանդես գալ Հայաստանում: Վերջապես իմ երազանքը կատարվեց տիկին Ռիտա Սարգսյանի շնորհիվ»,- ասաց Բասկովը՝ ներկա բոլոր կանանց մաղթելով հիասքանչ և հետաքրքիր երեկո:
Նրա խոսքով, տղամարդու համար ամենացանկալին այս կյանքում ուրախ, ժպտացող կանացի աչքեր տեսնելն է:
Համերգին ներկա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նառա Շլեպչյանի խոսքով, հաճելի է, որ մարտի 8-ի կապակցությամբ նման հավաքն արդեն ավանդական է դարձել:
«Այստեղ հանդիպում ենք մեր Հանրապետության գրեթե բոլոր ճանաչված կանանց: Հպարտանում եմ, որ այսպիսի կանայք ունենք»,- ասաց նա:
Ն.Շլեպչյանի բնորոշմամբ, հայ կինը իմաստուն է, կարող. «Ցանկանում եմ նրանց երկար կյանք, առողջություն, որպեսզի միշտ նրանց ուղեկցի հաջողությունները, ժպիտը, երջանիկ լինեն»:
Նրա խոսքով, կանացից է կախված, թե ինչպիսի դեր կունենան նրանք հասարակություն, ընտանիքում:
«Այսօր ամենուր կանայք աշխատում են, ի դեպ, տղամարդկանցի վատ չեն աշխատում»,- ասաց ՀԽՍՀ ժողովրդական արտիստը:
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայ կանանց մաղթեց, որ մշտապես լինեն սիրված ու գնահատված: Ըստ նրա, շատ բան կախված է հենց կանացիցի:
«Կանայք պետք է իրենք իրենց հարգեն»,- նշեց քաղաքական գործիչը:
Նա ասաց, որ տոնամոլ չէ, իր համար մարտի 8-ը հատուկ օր չէ:
«Սովորական օր է: Չեմ կարծում, որ կանանց պետք է մարտի 8-ից ապրիլի 7- ընկած ժամանակահատվածում մեծարեն»,- ասաց Ն. Զոհրաբյանը՝ հավելելով, որ այսօր եկել է այս երեկոյին՝ լսելու լավ երաժշտություն:
Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Նելլի Շիմշիրյանն ասաց, որ ամեն տարի մեծ հաճույքով գալիս է մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպված համերգներին:
«Հայաստանի նախագահի տիկնոջ կողմից ամեն տարի հրավեր եմ ստանում: Հաճելի է, երբ քեզ մշտապես հիշում են»,- ասաց տիկին Նելլին:
Ն.Բասկովը, ով մշտապես առանձնանում է իր յուրօրինակ կատարումներով, շոուով, հայ կանանց պարգևեց գեղեցիկ ակնթարթներ՝ պարբերաբար կրկնելով, որ իր համար հաճելի է ելույթ ունենալ հայ կանանց ու աղջիկների համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում