«SOS Գյումրի» ծրագրին միացել են նաև դպրոցականները՝ ով ինչպես կարողացել է
1988-ի երկրաշարժից հետո 13 ընտանիքների համար, որ անօթևան են 1988-ի երկրաշարժից հետո, կա փաստացի 8 բնակարան և 4 խոստացված տուն: Այդ մասին տեղեկանում ենք «SOS Գյումրի» ծրագրի ֆեյսբուքյան էջից:
«SOS Գյումրի» ծրագիրը մեկնարկեց, երբ լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը լուսանկարներով ներկայացրեց անօթևան մնացած գյումրեցիների ողբերգական կենցաղը, ապրելու անմարդկային պայմանները:
Օրեր առաջ մեկնարկած արշավին միացան հասարակ մարդիկ, գործարարներ ու տարբեր օգնություններ առաջարկեցին ընտանիքներին: Մասնավորապես, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը երկու ընտանիքի նվիրաբերելու է բնակարան, երեկ հայտարարվեց, որ «ԳազպրոմԱրմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը 3 սենյականոց բնակարան կնվիրի:
Ընդհանուր առմամբ, ըստ ծրագրի ակտիվիստների այս պահին հավաքվել է շուրջ 28 հազար ԱՄՆ դոլար:
Գյումրեցիներին օգնելու գործին միացել են նաև հայտնի երգիչ Սերժ Թանկյանը, ինչպես նաև իսպանական «Ռեալ» թիմը:
Նույն էջից տեղեկանում ենք, որ ծրագրի ակտիվիստները կապ են հաստատել Մադրիդի «Ռեալ»-ի հետ ու ունեն նախնական համաձայնություն, որ թիմի առաջատարները, ուղարկելու են մարզաշապիկն իրենց ստորագրություններով և գրությամբ` ի աջակցություն Գյումրու անօթևանների:
«Մարզաշապիկը որպես լոտ վաճառքի է հանվելու մարտի 19-ին կայանալիք բարեգործական աճուրդում», -տեղեկացնում են ծրագրի ակտիվիստների:
Բացի այդ, աճուրդի համար կան «Բարսելոնա»-ի դրոշը՝ Լիոնել Մեսսիի, Չավիի, Ինյեստայի, Տիերի Անրիի ու թիմի 10 աստղերի ստորագրությամբ։
Այսօր «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ ու տեղեկացնում է, որ դրամահավաքին մասնակցություն են ցուցաբերել նաև դպրոցականներՙ ով ինչպես կարողացել է:
«Անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու համար մարաթոնին օգնելու նպատակով հանգանակություն են անում, դպրոցականներն էլ, ով ինչպես կարողանում մասնակցում է։ …
Ոչ մի վերից հրաման։ Ազդվեցի։ Շնորհակալություն նախաձեռնողներին, մասնակիցներին ու լումա դնողներին», -գրել է Բարսեղյանը:
Լուսանկարներըՙ Լևոն Բարսեղյանի