ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ. Ադրբեջանի ժողովուրդը պետք է ազատորեն իրացնի իր կրոնական իրավունքները
«Ադրբեջանի ժողովուրդը պետք է ազատորեն իրացնի իր կրոնական իրավունքները»,-այդ մասին իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Արևելյան Ատրպատական նահանագում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ իրանցի բարձրաստիճան հոգևորականը, անդրադառնալով 2015թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի բախմանն ու այդ երկրում շիաների նկատմամբ կիրառվող բռնաճնշումներին, մասնավորապես նշել է. «Հոգևոր առաջնորդն Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպմանը, անդրադառնալով մարդու իրավունքների հարցերին, Իլհամ Ալիևին հորդորել է, որ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը կազմող շիաների կրոնական պահանջները պետք է բավարարվեն, և նրանք հալածանքների չենթարկվեն»:
«Հուսով ենք, այսուհետ Նարդարանից լավ լուրեր կլսենք»,-հավելել է այաթոլլահ Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի և հավատացյալների միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել էր 5 հավատացյալ և 2 ոստիկան:
Այդ առնչությամբ Արևելյան Ատրպատական նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլա Մոջթահեդ Շաբեսթարին նախազգուշացրել էր, որ եթե Բաքուն շարունակի ճնշել շիաներին, ապա Իրանի Իսլամական Հանրապետության՝ Ադրբեջանական Հանրապետության հետ ունեցած փոխադարձ հարաբերությունները կվերանայվեն:
Հավելենք, որ այաթոլլահ Շաբեսթարին օրերս Իրանում կայացած Փորձագետների խորհրդի 5-րդ գումարման ընտրությունների ժամանակ Արևելյան Ատրպատական նահանգից ընտրվել է Խորհրդի անդամ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում