Թուրքական ոստիկանությունը գրոհով վերցրել է ընդդիմադիր թերթի գրասենյակը
Թուրքական ոստիկանությունը մարտի 4-ի երեկոյան գրոհով վերցրել է ընդդիմադիր «Zaman» պարբերականի գրասենյակը: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:
Ոստիկանական ուժերը ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ են կիրառել մի քանի հարյուր ցուցարարների դեմ, ովքեր հավաքվել էին խմբագրության շենքի մոտ այն բանից հետո, երբ թուրքական դատարանը որոշում ընդունեց արտաքին վերահսկողություն սահմանել թերթի նկատմամբ:
650 հազար տպաքանակ ունեցող «Zaman» պարբերականը համարվում է Թուրքիայի ամենակարդացվող օրաթերթը: Ըստ շրջանառվող կարծիքի՝ այն սերտ կապեր ունի ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի հետ, ով Թուրքիայի նախագահ Էրդողանի երդվյալ թշնամին է համարվում:
Թուրքիայում ընդդիմադիր թերթը իշխանական հսկողության տակ վերցնելը հարուցել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի և իրավապաշտպան կազմակերպությունների վրդովմունքը:
«Էրդողանի կառավարությունը սպանում է մարդու իրավունքները Թուքիայում՝ իր կողմից հասցվող հարվածներով ու ծայրահեղ մտածողությունը հսկողության տակ առնելու փորձերով»,-հայտարարել է «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գծով մասնագետ Էնդրյու Գարդներոնը:
ԱՄՆ-ի պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիբրին էլ հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունը պարտավոր է ապահովել երկրում ազատ խոսքի իրավունքը:
«Ժողովրդավարական հասարակություններում ընդդիմադիր մտածողության բերանը չեն փակում, այլ ամեն կերպ խրախուսում են»,-մասնավորապես նշել է Կիբրին: