Բացվելու է Անահիտ Ցիցիկյանի 90-ամյակին նվիրված ցուցահանդես
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մարտի 9-ին բացվելու է ցուցահանդես՝ նվիրված միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհու` Անահիտ Ցիցիկյանի 90-ամյակին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից:
Ցուցադրվելու են Անահիտ Ցիցիկյանի իրերից՝ գործիքը, սկավառակներ, գրքեր, որոնք թանգարանին է տրամադրել նրա դուստրը՝ Նունե Շամախյանը:
Անահիտ Ցիցիկյանը ծնվել է 1926 թ. Լենինգրադում: Ջութակ սկսել է նվագել 6 տարեկան հասակից: Աշակերտել է երաժիշտներ Գ.Գինզբուրգին, ավելի ուշ` Լև Ցեյտլինին: Հայրենական Մեծ պատերազմի սկզբին տեղափոխվել է Երևան: 1946-50թթ սովորել է ԵրևանիԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիյում, արժանացել ստալինյան կրթաթոշակի: 1954թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Համերգային գործունեությունն սկսել է դեռևս դպրոցական տարիներից, ունեցել մենահամերգներ, նվագել սիմֆոնիկ նվագախմբի հետ: 1961թ-ից եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար: Հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ մի շարք քաղաքներում, աշխարհի 27 երկրներում: Թողարկել է 4 սկավառակ: Ջութակահարուհու նվագացանկում առանձին տեղ են զբաղեցրել ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությսւնները: Հաճախ հանդիսացել է ստեղծագործությունների համահեղինակը, խմբագիրն ու առաջին կատարողը: 1950թ-ից դասավանդել է ԵրևանիԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, հիմնել և դասավանդել 3 նոր առարկա` աղեղնային արվեստի պատմություն, հայկական կատարողական արվեստի պատմություն և մանկավարժական պրակտիկա (1982թ-ից՝ պրոֆեսոր): Բազմիցս մասնակցել է միջազգանին երաժշտագիտական գիտաժողովների: Տիրապետել է 5 լեզվի, դասախոսություններ կարդացել անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ունեցել է մի շարք հրապարակումներ Հայաստանում և արտերկրում: Ստեղծագործական գործունեության ընթացքում ունեցել է ավելի քան 1000 համերգ, իրականացրել է 60 ֆոնդային ձայնագրություն, հեղինակել է շուրջ 300 հոդված, զեկույց, ռադիո և հեռուստահաղորդում: Հանդիսացել է մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների անդամ` Հայաստանի կոմպոզիտորների միության, ԽՍՀՄ երաժշտական ֆոնդի, Հայաստանի թատերական գործիչների ընկերության, Հայաստանի ժուռնալիստների միության, ԽՍՀՄ Կանանց կոմիտեի, արտասահմանի հետ կապերի հայկական կոմիտեի և այլն: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում 1999 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում