Հրաշք է, որ կարողացանք կազմակերպել այս համերգը. Վահան Մարտիրոսյան
«Շատ եմ լսել Հայաստանի մասին: Մեր թաղամասում շատ հայեր են բնակվում, շատ ենք խոսել Հայաստանի մասին: Անհամբեր սպասում էի այն օրվա, թե երբ եմ լինելու Հայաստանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դաշնակահար Ֆրանսուա-Գզավյե Պոազան (Շվեյցարիա):
Նա Հայաստանում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի «4 Դաշնամուր...» խորագրով համերգին մասնակցելու համար: Նույն բեմում միաժամանակ ելույթ են ունենալու չորս դաշնակահար՝ Գլորիա Կամպաներ (Իտալիա), Տրիստան Պֆաֆֆ (Ֆրանսիա), Ֆրանսուա-Գզավյե Պոազա (Շվեյցարիա), Վահան Մարտիրոսյան (Հայաստան):
Գլորիա Կամպաները նույնպես առաջին անգամ է Հայաստանում: Այս գիշեր է ժամանել, դեռ չի հասցրել ծանոթանալ Երևանին:
«Շատ էի ուզում լինել Հայաստանում: Շատ հայ ընկերներ ունեմ, ծանոթ եմ հայկական մշակույթին, ուզում էի ծանոթանալ նաև Հայաստանին»,- ասաց դաշնակահարուհին:
Տրիստան Պֆաֆֆն արդեն երկու անգամ եղել է Հայաստանում:
«Ուրախ եմ, որ կրկին ձեր երկրում եմ: Երկու անգամ եղել եմ, շատ լավ համերգներ ենք ունեցել: Շատ եմ սիրել ձեր երկիրը, հաճույքով եմ վերադարձել»,- ասաց ֆրանիացի դաշնակահարը:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, դաշնակահար Վահան Մարտիրոսյանի խոսքով, կազմել են այնպիսի խումբ, որի չորս անդամն էլ ընկերներ են, որևէ մեկը մյուսին մրցակից չի համարում:
«Մենք շատ լավ ընկերներ ենք: Մեր նպատակն է ժպիտով իրար հետ նվագել ու հաճույք պարգևել մեր հանդիսատեսին»,- ասաց նա:
Վ.Մարտիրոսյանը նշեց, որ համերգի ընթացքում կատարվելիք ստեղծագործությունների մի մասը հատուկ այս համերգի համար են ստեղծված:
«Նման նախագիծ՝ չորս դաշնակահար միաժամանակ ելույթ են ունենում, դեռևս Բախի ժամանակներից է գալիս: Նա գրել է չորս դաշնամուրի համար իր ստեղծագործությունը, որը նույնպես կատարելու ենք: Սակայն ոչ հաճախ են նման ձևաչափով համերգներ կազմակերպվում, քանի որ մի քանի խնդիր կա: Նախ դժվար է այնպիսի բեմ գտնել, որի վրա միաժամանակ չորս դաշնամուր տեղավորվի, նաև պետք է այնպիսի օր գտնել, որ չորս դաշնակահարն էլ ազատ լինեն: Մենք ամեն մեկս մեր կարիերան ունենք, առաջ ենք շարժվում, դժվար է բոլորին հավաքել նույն օրը նույն վայրում: Հրաշք է, որ կարողացանք մարտի 9-ի համար կազմակերպել այս համերգը»,- ասաց Վ.Մարտիրոսյանը:
Նշենք, որ համերգը կայանալու է Արամ Խաչատրյան համերգասրահում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում