Փոխհատուցման գործընթացը կարելի է առաջ մղել, Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումից անկախ. Քալֆայան
Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի Հայերի Համագումարի կողմից կազմակերպված «Հայությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի ավարտին» եռօրյա գիտահետազոտական խորհրդաժողովի չորրորդ նիստը, որը կրել է «Ցեղասպանություն և պահանջատիրություն, քաղաքա-իրավական դաշտում պահանջատիրության հարցի պարզաբանում և հստակեցում» ընդհանուր խորագիրը: Այս մասին հայտնում են Եվրոպայի հայերի համագումարի տեղեկատվական բաժնից:
«Հայկական Պահանջատիրությունը Միջազգային Օրենքում» թեմայով ելույթ է ունեցել Ֆրանսիայի Հայ իրավաբանների միության համանախագահ իրավաբան Տկն. Վերժինի Տյուշեն։ Նա սկզբում անդրադարձել է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների աշխատանքները համակարգող խորհուրդին, ապա խոսել միջազգային զանազան դատարաններում Հայկական հարցի արծարծելու հնարավորությունների և նրանց առջև ծառացած դժվարությունների ու արգելքների մասին։
Այնուհետ, «Ցեղասպանության փոխհատուցում: Իրավական հիմքեր, միջոցներ և մարտահրավերներ» թեմայով ելույթ է ունեցել, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (F.I.D.H.) նախկին նախագահ, իրավաբան, միջազգային օրենքի մասնագետ՝ Րաֆֆի Քալֆայանը, որ մանրամասնորեն բացատրել է միջազգային օրենքում տեղ գտած փոխհատուցման եղանակների, միջոցների, պայմանների և հնարավորությունների մասին:
Րաֆֆի Քալֆայանը, հայկական պահանաջատիրության ոլորտում, խոսել է Թուրքիայի պետությունից հայապատկան կալվածների անհատական և հավաքական պահանջատիրության անհրաժեշտության մասին, նույն ժամանակ բացատրելով, թե՝ փոխհատուցման գործընթացները կարելի է առաջ մղել, Թուրքիայի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչումից անկախ։
Նա նշել է, թե սույն գործընթացը պահանջում է զգուշություն, խոհեմություն և Հայաստան-Սփյուռք ամբողջական համագործակցություն:
Երկու զեկույցների ավարտին, քննարկումներ են կատարվել հողային և կալվածային պահանջատիրության և ֆինանսական փոխհատուցման իրավական հիմքերի և կարելիությունների մասին: