«Հայաստանում գենդերային անջրպետը աշխատանքային տնտեսական առումով կազմում է 35,9 տոկոս»
2015 թվականին համաշխարհային տնտեսական ֆորումը գնահատել է, որ եթե մենք շարունակենք այս տեմպերով պայքարել կանանց իրավունքների հավասարության համար, ապա լիարժեք հավասարության, այսինքն` հիսուն-հիսուն կլինի 2133 թվականին: Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպած կանանց նկատմամբ խտրական դրսևորումներին նվիրված ուսումնասիրության թեմայով ասուլիսի ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանը:
Ներկայացնելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ 2015-2016 թթ. Հայաստանում իրականացրած նոր հետազոտությունը՝ նա նշեց, որ Հայաստանում գենդերային անջրպետը աշխատանքային տնտեսական առումով կազմում է 35,9 տոկոս. «Այսինքն` կանայք, ընդհանուր առմամբ, ստանում են 35,9 տոկոս պակաս աշխատավարձ, քան տղամարդիկ»:
Նա համեմատության համար նշեց, որ Հայաստանը Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ համեմատած այս ցուցանիշով երրորդ տեղն է զբաղեցնում, իսկ ԵՄ-ում այս ճեղքվածքը կազմում է 16 տոկոս, իսկ ամբողջ աշխարհում՝ 22,9 տոկոս:
«Մեր նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Հայաստանում կիրառվող կանանց աշխատանքի սահմանափակումը տարեկան երկրի ՀՆԱ-ի վրա բերում է 50-60 մլն դոլար գումար, այսինքն` Հայաստանի ՀՆԱ-ն չի ստանում 50-60 մլն դոլարի պակասորդ, ինչը հետևանք է կանանց նկատմամբ կրառվող աշխատանքի սահմանափակումների»,-հավելեց Գարիկ Հայրապետյանը: